ՀՀ ԱԳ փոխնախարարն առաջնահերթ է համարում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված խոչընդոտների հաղթահարումը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հիմնված է լինելու համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ներկայացված երեք սկզբունքների և տարրերի վրա, ինչը որպես գլխավոր տարր ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Aysor.am» լրատվական կայքի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե իբր բոլորին հայտնի է` ինչ է քննարկվելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջիկա հանդիպմանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է. «Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների հետևանքով, և բարենպաստ պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու համար:

Իսկ կարգավորումը հիմնված է լինելու համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ներկայացված երեք սկզբունքների և տարրերի վրա, ինչը որպես գլխավոր տարր ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում