ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին

ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Ադրբեջանում հարկերից խուսափելու մեղադրանքով ձերբակալված և 3 ամսվա ազատազրկման ենթարկված «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործին և Ադրբեջանի իշխանություններից պահանջել ազատ արձակել նրան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի անկախ մամուլի վերջին ներկայացուցիչ հանդիսացող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությամբ, ով օգոստոսի 24-ին ձերբակալվել և ենթարկվել է 3 ամսվա ազատազրկման: «Թուրան»-ի դեմ կատարվող քայլերը, այդ թվում գործակալության բանկային հաշիվների սառեցումը, չափազանց մտահոգիչ են»,– նշել է ԱՄՆ պետդեպի խոսնակը: Պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանում հստակորեն սահմանափակվում է նաև խոսքի ազատությունը:

«Ադրբեջանի կառավարությունը մայիսին որոշում կայացրեց արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի և այլ անկախ լրատվամիջոցների ինտերնետային կայքերը: Այս ամենը Ադրբեջանի կառավարությունն անում է խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Ներկայումս Ադրբեջանում առկա են արտահայտվելու ազատության ամբողջական սահմանափակման բոլոր միտումները»,– հավելել է նա:

ԱՄՆ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է հետևել ԵԱՀԿ միջազգային պարտավորություններին և հիմնարար ազատություններին, ազատ արձակել Մեհման Ալիևին և քաղաքական շարժառիթներով ձերբակալված մյուս անձանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում