Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաեւ գիշերը

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարել ողջ գիշեր: Տեղումշարունակում է աշխատել 19 մարտական հաշվարկ:

«Հրդեհի օջախին մոտ գտնվող բնակավայրերին որեւէ վտանգ չի սպառնում: Հրդեհի մարման համար կիրառվում են ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ դյուրակիր ջրատարներ և այլ պարզունակ միջոցներ` բահեր, խոնավ լաթեր և այլն»,- տեղեկացրին նախարարությունից:

Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին արդեն երկրորդ օրն է ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռը չի ներգրավվում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դրա անհրաժեշտությունն այս պահին չկա:

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի հարակից անտառում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում