Բյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը գետնատարած է

Բյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը հիմնականում գետնատարած է: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանն ասաց, որ տարածքում հիմնականում այրվել են ոչ թե ծառերը, այլ չոր խոտը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի կրակը չտարածվի դեպի մերձակա բնակավայրեր: Անտառի այն հատվածներում, որտեղ հրշեջ մեքենաների մուտքն անհնար էր, կրակի օջախները ծառի ճյուղերով, լաթերով են հանգցրել»,-ասաց նա:

Վրեժ Գաբրիելյանի խոսքով` Բյուրականին հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքները տարվում են 12 կմ պարագծով` 533 հա տարածքում: «Բյուրականի հրդեհը չի կարելի համեմատել «Խոսրովի» արգելոցի հրդեհի հետ: Մենք ամեն հնարավոր բան անում ենք, որ չհասնի այդ աստիճանին»,-հավելեց բանախոսը:

Բյուրականի հարակից անտառում բռնկված հրդեհի վնասի չափի եւ պատճառների մասին տեղեկատվություն կտրամադրվի հրդեհը մարելուց հետո:

Սեպտեմբերի 3-ին անտառում բռնկված հրդեհը մարելու համար փրկարարներն աշխատում են նաեւ գիշերային ժամերին: Սեպտեմբերի 7-ի դրությամբ տեղում աշխատում է 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում