Ադրբեջանական կոռուպցիոն գործարքները լուրջ մարտահրավեր են՝ նետված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Դավիթ Բաբայան

Թե ինչ հետևանքներ կունենան Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների մասին միջազգային մամուլի անդրադարձերը, պարզ կլինի ավելի ուշ, սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական կոռուպցիոն գործարքները լուրջ մարտահրավեր են՝ նետված Եվրոպային և ողջ քաղաքակիրթ աշխարհին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու վերաբերյալ վերջին բացահայտումներին:

Վերջինս շեշտեց՝ կոռուպցիան ոչ այլ ինչ է, եթե ոչ ահաբեկչության մի ձև։

«Հետաքրքրական է՝ ինչպիսի դիրքորոշում կցուցաբերի այս ամբողջ պատմությանը միջազգային հանրությունը՝ հիմնված արժեքների՞, թե գնի վրա։ Միայն որոշ ժամանակ անց կերևա՝ ընտրությունը կանգ է առել փողի, թե գաղափարի վրա։ Սա իսկապես լուրջ մարտահրավեր է։ Ադրբեջանն իր այս դատապարտելի քաղաքականությամբ ուղղակի ոչնչացնում է ժողովրդավարական արժեհամակարգերը, ստիպում, որ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ լինի ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ մոտեցում»,- ասաց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանը տարակուսանք հայտնեց՝ ինչո՞ւ է եվրոպական մամուլը հենց այս օրերին անդրադարձել ադրբեջանական կոռուպցիոն հերթական սկանդալին։ Վերջինս չբացառեց, որ գործընթացը պայմանավորված լինի Ադրբեջանից հավելյալ տնտեսական շահ ստանալու հանգամանքով:

«Բայց այն, որ հերթական սկանդալի բացահայտումը մեծ հարված է Ադրբեջանին, կասկածից վեր է։ Կասկածից վեր է նաև, որ Ադրբեջանը պետք է որոշակի քայլերի դիմի՝ ինչ-որ կերպ խայտառակությունից փրկելու իրեն։ Նա կսկսի նորից հակահայկական գաղափարներով սեփական ադրբեջանական հասարակության ուշադրությունը և վախի մթնոլորտ տարածել»,- նշեց արցախցի պաշտոնյան։

Դավիթ Բաբայանի խոսքով, աշխարհը պետք է տեսնի, որ Արցախյան հակամարտությունը զուտ ղարաբաղաադրբեջանական հակամարտություն չէ, այլ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում