ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծմանն աջակցելու Վալադաոյի առաջարկը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 7-ին ընդունել է կոնգրեսական Դևիդ Վալադաոյի կողմից առաջարկվող առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թվականի ֆիսկալ տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը: Այս մասին հայտնեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Վալադաոյի առաջարակը ներառվել է 2018 թվականի ֆիսկալ տարվա արտաքին օգնության հատկացման ծրագրում, որը, որպես ավելի մեծ՝ H.R. 3354 բանաձևի մաս քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին:

«Ցավալի իրողություն է այն, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ամեն օր ապրում են ականների պայթելու վտանգի տակ: Ես լավատեսական եմ տրամադրված, որ իմ առաջարկով նախատեսվող գումարային հատկացման պարագայում մինչև 2020 թվականը տարածաշրջանն ականազերծվի, և ընտանիքները կարողանան հանգիստ ապրել՝ առանց ականների հետ կապված դժբախտ պատահարների վտանգի»,– առաջարկի ընդունումից հետո ասել է Վալադաոն:

Առաջարկի ընդունմանն աջակցել են նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնեն և Ջեքի Սփայերը: «Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքներին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված աջակցությունը մեծապես օգնել է HALO Trust-ին 2000 թվականից մաքրել տարածքն ականներից ու այլ պայթյունավտանգ սարքերից: Այս աջակցությունը կօգնի HALO Trust-ին իրենց վերժնաժամկետին՝ 2020 թվականին ավարտել այս կարևոր աշխատանքը»,– նշել է Փալոնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում