Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ամիսներ անց ազատ է արձակվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Այհան Բիլգենն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Բիլգենը կալանավորվել էր 2017 թվականի հունվարի 31-ին՝ Դիարբեքիրի դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում:

Պատգամավորի ազատ արձակմամբ թուրքական բանտերում կալանավորված քրդամետ կուսակցության պատգամավորների թիվը հասավ 8-ի: Նրանց շարքում է նաև կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում