Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնացի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Շտեֆան դե Միստուրայի հետ: Այս մասին հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ներկայիս իրավիճակը: ՄԱԿ-ի բանագնացը կաթողիկոսին է ներկայացրել խնդրի լուծման շուրջ առաջիկա բանակցությունների մասին իր մտորումները:

Կարևորելով Սիրիայի ներսում խաղաղության աստիճանական հաստատումը՝ Արամ Ա վեհափառն անդրադարձել է Դեր Զորի ազատագրմանը՝ հիշեցնելով դրա մեծ նշանակությունը հայության համար՝ որպես Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ ջարդերի վերջին հանգրվան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սիրիահայերին ու համայնքի վերականգնման նպատակով ձեռնարկվելիք աշխատանքներին:

Այս հանդիպումը Նորին Սրբության պաշտոնական չորրորդ հանդիպումն է Շտեֆան դե Միստուրայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում