Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը նվիրվում է ՀԿՄ հիմնադրման 85-ամյակին

Սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Համերգները կկայանան Արամ Խաչատրյան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հայաստանի կոմպոզիտորների միության և ՀԲԸՄ համերգասրահներում: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի շրջանակներում կկայանա 10 համերգ, որոնց ընթացքում կհնչեն ինչպես ՀԿՄ անդամ, այնպես էլ հայկական կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչների ստեղծագործությունները: Փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)` սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նախագիծն առանձնանում է նրանով, որ փառատոնի շրջանակներում երաժշտասեր հանրությանը կներկայացվեն բազմաժանր համերգներ. կամերային երաժշտության ժանրին լրացնելու կգա հոգևոր, երգչախմբային երաժշտություն, կներկայացվի նաև մոնո-օպերա: Մեկ համերգային երեկո էլ կնվիրվի մանկական երաժշտությանը:

Փառատոնի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (Կասկադ համալիր) հարևանությամբ կկայանա նաև բացօթյա էստրադային համերգ՝ Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան):
Փառատոնը կեզրափակվի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ տոնական սիմֆոնիկ համերգով. բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյան):

Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում