ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը հույս ունի, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստները կկարողանան մարզվել Բրազիլիայում

ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն հույս ունի, որ առաջիկայում հայ երիտասարդ ֆուտբոլիստների համար կստեղծվեն բոլոր պայմանները Բրազիլիա մեկնելու եւ ավելի հմտանալու համար: Նա նշեց, որ դա կարող է կախված լինել երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներից, Կառավարությունից, ինչպես նաեւ սպորտի ոլորտում առաջիկայում ակնկալվող համաձայնագրի ստորագրումից:

«Պետք է նշեմ, որ միշտ հաճելիորեն զարմացած եմ այն մեծ հետաքրքրասիրությամբ, որ հայերը ունեն ֆուտբոլի նկատմամբ, եւ շնորհակալ եմ հատկապես բրազիլական ֆուտբոլի նկատմամբ նման ջերմ վերաբերմունքի համար: Կարծում եմ, որ սպորտի բնագավառում պետք է լինի համագործակցություն: Այդ համաձայնագիրը, որն ակնկալվում է ստորագրել առաջիկայում, առնչվում է ոչ միայն ֆուտբոլին, այլեւ մյուս սպորտաձեւերին, որոնք առավել զարգացած են Հայաստանում: 2016 թվականին, երբ հայերը մասնակցեցին օլիմպիական խաղերին, մենք սկսեցինք ավելի հետաքրքրվել եւ մտածել այս ուղղությամբ»,-ասաց նա:

Դեսպանը խոսեց այս ոլորտում այլ երկրների հետ համագործակցության մասին, օրինակ՝ Չինաստանը բավականին մեծ թվով երիտասարդ խաղացողների է ուղարկում Բրազիալիա, որպեսզի նրանք տեսնեն բրազիլական փորձը:

«Գոնե մեկ նման դեպք տեղի է ունեցել հայ խաղացողի հետ, ով, որքանով ես եմ տեղյակ, 15-16 տարեկանում եղել է Բրազիլիայում եւ մարզվել: Կարծում եմ՝ բոլորդ նրան լավ գիտեք՝ Հենրիխ Մխիթարյանը: Իհարկե, նա որոշակի որակներ ժառանգել է իր հորից, եւ կարծում եմ՝ ինչու ոչ, միգուցե այս փորձն էլ նրան օգնել է դառնալ ձեր՝ չեմ սխալվի ասելով, ամենալավ խաղացողը: Հուսամ՝ առաջիկայում եւս կլինեն նման դեպքեր»,-եզրափակեց դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում