«Առավոտ». Քառօրյա պատերազմի մասնակցի մոտ առողջական խնդիրներ են առաջացել

21-ամյա Հովիկ Պետրոսյանը Լոռու մարզի Դեբեդ համայնքից է։ Հովիկն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։ Ծառայել է Մարտակերտի զորամասում՝ որպես հետախույզ։ Ծառայությունն ավարտել է այս տարվա հունվարին. «Ես էն պոստում եմ եղել, որ Քյարամ Ալոյանն է եղել, Արմենակ Ուրֆայանը, Ռոբերտ Աբաջյանն ու մյուս տղաները։ Էդ դիրքերը մենք ենք թուրքերից հետ վերցրել։ 150 հոգու դեմ 15 հոգով պայքարել ենք ու հետ վերցրել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է նա։

Հովիկը լավ ծառայության համար արժանացել է մի քանի մեդալի։ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է «Արիության մեդալ», արժանացել է նաև «Քաջարի մարտիկ» և «Լավագույն մարզիկ» մեդալների։ Զորացրվելուց հետո երիտասարդն աշխատանքի է տեղավորվել գյուղի քարի արտադրամասում։ Սակայն աշխատել չի կարողացել, վերջինիս մոտ ի հայտ են եկել մի շարք առողջական խնդիրներ. «Մի ամիս էլ չկար, ինչ աշխատում էի, գործի տեղը վատացա։ Ընկերս մեքենայով եկել է տարել հիվանդանոց։ Բժիշկներն ասացին, որ հիվանդությունս առաջացել է վաղուց, դեռևս ծառայության ժամանակ։ Ուժեղ մրսածություն է, թոքերս, փայծաղ, լյարդ, երիկամ ու ողնաշարի խնդիր ունեմ։ Հիմա գրեթե չեմ կարողանում քայլել։ Բուժում են նշանակել, բայց դեռ որևէ արդյունք չի տալիս։ Մենակ փող եմ ծախսում, էս մի քանի օրվա ընթացքում 200.000-250.000 դրամ ծախսել եմ։ Էլ հնարավորություն չունենք, որ գնամ ուրիշ հիվանդանոցում էլ ստուգվեմ, բուժում ստանամ»։
Հովիկի ընտանիքը բաղկացած է 6 հոգուց։ Նրանց եկամտի միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է։ Հովիկն իրենից փոքր 2 եղբայր և քույր ունի։ Լիարժեք բուժում ստանալու և ապաքինվելու համար տղայի ընտանիքը հնարավորություն չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում