Լապշինը մինչև ներում ստանալն ադրբեջանական բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել

Լապշինը մինչև ներում ստանալն ադրբեջանական բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել

Իսրայելի և ՌԴ քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ներում է շնորհել, նախքան այդ ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:

Նա մեղադրել է Իսրայելի իշխանություններին՝ Լապշինի արտահանձնման գործընթացը ձգձգելու մեջ՝ նշելով, թե դրա հետևանքով սեպտեմբերի 10-ին Լապշինը ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Բանտապահները նկատել են բլոգերի արարքը և կանխել այն: Լապշինին բժշկական օգնություն է տրամադրվել: Ներկայում նա շարունակում է բուժումը բժիշկների վերահսկողության ներքո:

Հասանովը հայտնել է, որ նախագահի կողմից ներման մասին հրամանագիր ստորագրելուց հետո Լապշինի արտահանձնման հարցով զբաղվում են Ադրբեջանի ԱԳՆ-ն և Իսրայելի դեպսանությունը: Նա նշել է, որ գործընթացը կարող է ավարտվել ամենասեղմ ժամկետներում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:

Ուշագրավ է, որ Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրվել այն նույն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում