Խաղողագործների միության հետ քննարկվել են ոլորտի հիմնահարցերը. գյուղնախարարը համագործակցության կոչ է արել

Խաղողագործների միության հետ քննարկվել են ոլորտի հիմնահարցերը. գյուղնախարարը համագործակցության կոչ է արել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանին և միության մարզային պատասխանատուներին` խաղողագործության զարգացման հիմնահարցերը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում կարևորել է նախարարության և խաղողագործների սերտ համագործակցության ու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը` ոլորտում առկա հիմնահարցերի առավել արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու հարցում:

«Խաղողագործությունը մեզ համար շարունակում է մնալ կարևորագույն ճյուղերից: Մենք քայլեր ենք իրականացնում, որպեսզի դաշտը կարգավորվի և խաղողագործն իր աշխատանքից գոհ մնա: Սակայն այս գործում մեզ անհրաժեշտ են գործընկերներ` մարդիկ, ովքեր մարզերում մեր խոսքը տեղ կհասցնեն խաղողագործներին, ինչպես նաև նրանց առաջարկներն ու մտահոգությունները կներկայացնեն մեզ»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը նախատեսում է ստեղծել խաղողագործների ռեեստր և այս աշխատանքներում ակնկալում են միության անդամների աջակցությունը: Հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետք է պայմանագրեր ունենան ռեեստրում գրանցված խաղողագործների հետ և տեղեկատվություն տրամադրեն, թե ումից ինչ քանակությամբ խաղող են մթերել: Նախարարի խոսքով` ռեեստրի ստեղծումը դաշտում էական փոփոխությունների կհանգեցնի:

Հանդիպմանը ներկա խաղողագործները նշել են, որ հետաքրքրված են կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար մատչելի վարկերի տրամադրման նախարարության նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում խաղողի մթերման կազմակերպմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում