Թուրքիայում սպանվել է Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանը

Թուրքիայում սպանվել է Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը: Կնոջն սպանել են Թուրքիայի Անթալիայի նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից նա մահացել է Դերմեի հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sputnik-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

«Հետաքննությունը վարում է թուրքական կողմը, նշանակված են համապատասխան փորձաքննություններ… Համապատասխան ընթացակարգերից հետո նախարարությունը կիրականացնի օրենքով նախատեսված գործողություններ՝ կապված հանգուցյալի մարմինը հայրենիք տեղափոխելու հետ»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Հարձակվողը փախել է պատահարի վայրից: Ավելի ուշ ձերբակալել են կասկածյալին՝ տեղի 44-ամյա բնակիչ Մեսութ Օզքանին: Ձերբակալման պահին նա ալկոհոլի ազդեցության տակ էր:

Ինչպես հայտարարել է Օզքանը, ինքը մոտիկից ծանոթ էր սպանվածի հետ, իսկ հանցագործությունը կապված է փողի հետ: Նա պարտքով 117 դոլար էր տվել Սաֆարյանին եւ երկար ժամանակ խնդրում էր վերադարձնել պարտքը, բայց ամեն անգամ մերժում էր ստանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում