Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Արցախի հարցում ընդունելի է համարում ցանկացած տեսակի երկխոսություն

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Արցախի հարցում ընդունելի է համարում ցանկացած տեսակի երկխոսություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդունելի է համարում ցանկացած տեսակի երկխոսություն, որը միտված է քննարկվող հարցի շահեկան լուծմանը: Դեսպանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպմանը:

«Որքան շատ լինեն երկխոսությունները, այնքան օգտակար կլինի հարցի կարգավորման համար։ Համայն Ռուսիո Պատրիարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար էր, քանի որ այն, ինչը տանում է ճիշտ ուղով, կարող է նպաստել թնջուկի կարգավորմանը»,-ասաց դեսպանը:

Հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ Մոսկվան նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում է, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն պատասխանեց.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը զերծ է այլ տարակարծություններից, որոնք կարող են ունենալ համանախագահող երկրներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանի Դաշնությունը։ Կարևոր չէ, թե հանդիպումը որ կողմն է նախաձեռնում, կարևորը այն է, որ լինի երկխոսություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում