Կառավարության վերցրած ուղղությունը 99 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին

Կառավարության վերցրած ուղղությունը 99 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին

Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր շունչ է հաղորդել կառավարման համակարգին:

«Նորարարությունները, որ սկսվել են իրականացվել վարչապետի կողմից, ժամանակ են պահանջում: Բայց մենք դրանք դեռ կտեսնենք մեր կենցաղում: Տեմպերը կարող են գոհացնող չլինել, բայց ուղղությունը, որը վերցրել է կառավարությունը, 99 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին»,- ընդգծեց Ռուստամյանը:

Վերջինս գնահատմամբ՝ Հայաստանն աստիճանաբար դուրս է գալիս տնտեսական ճգնաժամից: Հարցին, սա նշանակո՞ւմ է, որ ՀՅԴ-ն ցանկանում է, որ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել 2018 թվականից հետո, Ռուստամյանը պատասխանեց. «Մեզ համար կարևոր են այն ուղղությունները, որոնք ընդունվել են կառավարության կողմից: Անձի հետ կապված չեն: Այն, թե իրականացնողը ով կլինի, իհարկե մեզ համար կարևոր է: Նաև այն, որ նա հոգով, սրտով կարողանա կատարել: Նման մարդիկ շատ կան»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում հաջորդ տարի թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, հետևաբար ՀՅԴ-ն նպատակահարմար չի համարում անիմաստ թեկնածու առաջադրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում