ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ՝ ռացիաներ: Դրանք թույլ կտան արագ արձագանքում ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Սեպտեմբերի 12-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն նվերը հանձնեց բնապահպանության նախարարությանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բացահայտեց մի շարք բաղթողումներ՝ մասնավորապես, կապի միջոցների բացակայությունը: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նվեր է պատրաստել՝ ռացիաներ՝ արագ կապի միջոցներ: Դրանք թույլ կտան ապահովել արագ արձագանքում»,-ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դրանք կօգտագործվեն ոչ միայն «Խոսրովի անտառ» արգելոցում, այլև, անհրաժեշտության դեպքում, նաև հատուկ պահպանվող այլ տարածքներում:

«Ռացիաները ժամանակավոր երևույթ են: Մենք ուզում ենք դրանց միջոցով այնպիսի համակարգ ձևավորել, որը թույլ կտա հետագայում մոնիտորինգ իրականացնել»,- ասաց նախարարն ու հավելեց, որ համագործակցում են նաև բջջային օպերատորների հետ՝ կապի ժամանակակից միջոցներ ապահովելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում