Անցյալ տարվա Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրիում ավագանու նիստն առաջին անգամ անցկացվեց լրիվ կազմով

Անցյալ տարվա Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրիում ավագանու նիստն առաջին անգամ անցկացվեց լրիվ կազմով

Տեղի ունեցավ Գյումրու ավագանու երրորդ գումարման առաջին նիստը: Ավելին քան 7 ամիս բոյկոտից հետո առաջին անգամ ավագանու նիստն անցկացվեց լրիվ կազմով. նիստին չէր մասնակցում միայն «ԳԱԼԱ» խմբակցության անդամներից Լևոն Բարսեղյանը՝ երկրից բացակայելու պատճառով: Ընտրությունների արդյունքներից դժգոհ «Բալասանյան դաշինք»-ից բացի մյուս երեք խմբակցությունները՝ «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդ»-ը, հրաժարվում էին ներկա գտնվել նիստերին՝ մինչև հարցի դատական վերջին ատյաններում քննարկվելը: «Հայկական վերածնունդ»-ը մինչ այս արդեն վերջին երկու նիստերին մասնակցել էր:

Նախագահող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նիստին առաջին անգամ ներկա «ԳԱԼԱ»-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներին հանձնեց մանդատները, ապա ավագանու բոլոր անդամներին ողջունեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ նրանց արդյունավետ աշխատանք մաղթելով և ցանկություն հայտնելով, որ Գյումրու ավագանին լինի օրինակելի մյուս համայնքների համար: Ավագանու քննարկմանը ներկայացվեցին 21 օրակարգային հարցեր:

Այս անգամ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին հաջողվեց ավագանու նիստ մտցնել տարակարծություն՝ գրեթե բոլոր հարցերին դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ եղան, եղան նաև տարբեր հարցերի վերաբերյալ առաջարկներ: Ամենաքննարկվելիք հարցը կապված էր «Գյումրու օր» տոնակատարության հետ: Ավագանու անդամներից եղավ առաջարկ ընդհանրապես չնշել քաղաքի օրը, իսկ գումարը՝ 8 մլն դրամը, հատկացնել տնակում բնակվող 2 ընտանիքի համար բնակարան ձեռք բերելուն: Եղավ նաև առաջարկ ավելի մանրամասն ու բաց ներկայացնել ծախսվող գումարները՝ ինչ կազմակերպությունների ու ինչ նպատակով է գումարը հատկացվում:

Ավագանին հաստատեց նաև անապահով 160 ընտանիքի 10-հազարական դրամ օգնություն, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած մարզիկներին ու նրանց մարզիչներին դրամական պարգևներ շնորհելու, հողերի օտարման և վարձակալությամբ տրամադրելու մասին որոշումներ: Որոշում ընդունվեց ավագանու հաջորդ նիստը նշանակել հոկտեմբերի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում