Մեկնարկել է ՌԴ ֆինանսավորմամբ Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացմանն ուղղված ծրագիրը

Մեկնարկել է ՌԴ ֆինանսավորմամբ Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացմանն ուղղված ծրագիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն սեպտեմբերի 12-ին ստորագրել են փաստաթուղթ, որով նախատեսվում է սկսել Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացումը: ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես ներկա էր ստորագրման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: 

Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարարն իր խոսքում նշել է.«Այս միջոցառմամբ փաստում ենք այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մեղմման գործընթացը համախմբում է բոլորին: Մեր անտառային տարածքներում, տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում արձանագրված հրդեհները միավորել են միջազգային ջանքերը` պայքարելու նման աղետների դեմ: Ասվածի համատեքստում, լիովին օրինաչափ է, որ ներկայում մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող կենսաբազմազանության և կանաչ տարածքների պահպանությունը, որ առաջին հերթին մեր կառավարության հիմնական գերակայություններից է, դառնում է նաև այսպիսի տեխնիկական աջակցության հիմք»: Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը տրամադրած աջակցության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին` այս և նման այլ բնապահպանական ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար` բնապահպանության նախարարը ներկայացրել է ծրագրի հիմնական բաղադրիչները: Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել օրենսդրական դաշտը և կիրարկել համապատասխան քաղաքականությունը, հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան կառույցների դերերը և պարտականությունները իրենց լիազորությունները իրականացնելու համար: Ծրագիրը նաև ազգային և տարածաշրջանային շահառու մարմիններին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիա, ինչպիսիք են հրդեհվող և անվնաս անտառների ու դաշտերի միջև խորը բուֆերային խրամատներ փորելու տեխնիկական միջոցները, ուսապարկ-պոմպերը և հրդեհամարիչ սարքերը՝ նախատեսված մակերեսային հրդեհները մարելու և ճնշելու համար, ինչպես նաև պաշտպանիչ համազգեստներ հրշեջների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Ծրագրի շրջանակներում կաջակցվե և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմանն ու կանխմանն ուղղված այլընտրնաքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները:

Արծվիկ Մինասյանը կարևորել է հատկապես վաղ հայտնաբերման և հակահրդեհային միջոցառումների իրականացման նորարարական մոտեցումները: Ծրագրով նախատեսված միջոցառումները հնարավորություն կտան լիազոր կառույցներին և տեղական ինքնակառավարման մարմիններին համակարգված ներգրավվել աղետների կանխարգելման և վերացման գործընթացին: Մեկնարկող ծրագիրը կլրացնի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով արդեն իսկ իրականացվող Հայաստանի անտառկառավարման բարելավմանն ուղղված ծրագրերը:

Խոսքի ավարտին Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, կառույցներին, կազմակերպություններին և անհատներին` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար, մասնավորապես ՌԴ-ին` Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ինքնաթիռ տրամադրելու համար, և ԱՄՆ-ին` այրված տարածքների վերականգնողական գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն արձանագրել է, որ մեկնարկող ծրագիրը բնական աղետների դեմ պայքարի տարածաշրջանային ու միջազգային համագործակցության լավ օրինակ է և շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի հուսալի գործընկեր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարին և աշխատակիցներին` իրենց ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացման համար, նշել է. «ՌԴ-ն հետևողականորեն մեծացնում է իր ջանքերը կայուն զարգացման ձեռքբերման նպատակով արտասահմանյան գործընկերներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` առաջնորդվելով այն նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով, որոնք նախանշված են ՌԴ պետական քաղաքականության կոնցեպտում և նպատակ ունենալով նպաստել միջազգային զարգացմանը: Առաջնային ուղղությունների թվում են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության երկրները, որոնք ավանդաբար ունեն սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր մեր երկրի հետ: ՌԴ ֆինանսական միջոցներով Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Աջակցություն են ստանում, ոչ միայն առանձին սոցիալական խմբերը, այլ նաև տնտեսության առանձին ճյուղեր: Անտառային տնտեսության ֆեդերալ բյուրոն և ՌԴ ԱԻՆ ծառայությունները կունենան անմիջական մասնակցություն այս ծրագրի իրագործմանը»:

Շեշտելով, որ Ռուսաստանը և Հայաստանը դժվար իրավիճակներում միշտ միմյանց օգնել են` դեսպանը համոզմունք է հայտնել. որ, մեկնարկող ծրագիրը կնպաստի Հայաստանի և ՌԴ-ի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և թույլ կտա նվազագույնի հասցնել արտակարգ իրավիճակները հանրապետությունում:

Միջոցառման ժամանակ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գերասիմ Վարդանյանին է հանձնել ռադիոկապի միջոցներ, որոնք արտակարգ իրավիճակներում առաջնային անհրաժեշտություն էին, և որի պակասն իրեն զգացնել էր տվել արգելոցում հրդեհի բռնկման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում