Շիրակ Թորոսյանը հայ-վրացական հարաբերություններում զարգացման նոր դինամիկա է կանխատեսում

Շիրակ Թորոսյանը հայ-վրացական հարաբերություններում զարգացման նոր դինամիկա է կանխատեսում

Հայ-վրացական հարաբերություններում նոր, խոստումնալից փուլ է սկսվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում դիտարկելով Հայաստանի եւ Վրաստանի փոխգործակցությանն առնչվող վերջին զարգացումները՝ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

«Դա պայմանավորված է տարածաշրջանում երկկողմ ընդհանուր շահերի առկայությամբ. կարծում եմ, որ հենց այդ ընդհանրական շահերը կողմերին կմղեն միմյանց ընդառաջ: Անկախ արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերություններից՝ հայ-վրացական հարաբերություններում զարգացման նոր դինամիկա է սպասվում»,-ասաց նա:

Շիրակ Թորոսյանի խոսքով՝ վերջին շրջանում հատկապես նկատվել է երկխոսության մակարդակի բարձրացում, քննարկվող հարցերի շրջանակն ավելի իրատեսական է դարձել:

«Դա իմ գնահատականն է, որ նախկինում հայ-վրացական հարաբերություններն ավելի շատ ձեւական, լոզունգային մակարդակ ունեին, եւ իրական զարգացման դինամիկա չէր նկատվում, ինչը պայմանավորված էր նաեւ թուրք-ադրբեջանական գործոնի էական դերակատարությամբ, այն ժամանակների վրացական իշխանությունների՝ դեպի թուրքական գործոնը հակված լինելու հանգամանքով: Իսկ հիմա շփումները, քննարկումներն ավելի բովանդակային են, ինչն էլ հնարավորություն է տալիս ձեւավորել ավելի պրագմատիկ օրակարգ»,– ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով օրերս Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի՝ Հայաստան կատարած այցին, Շիրակ Թորոսյանը նշեց, որ այն կարելի է համարել նշանակալի փաստ միջպետական հարաբերություններում՝ չնայած վերջին շրջանում Հայաստանը եւ Վրաստանը բարձրաստիճան փոխայցելությունների պակաս չեն ունեցել:

«Որպես հարեւան, բարեկամ երկրներ՝ նման այցելություններն օրինաչափություն են, եւ ես բնականոն եմ համարում դրանք, քանի որ միջպետական հարաբերությունների զարգացման դինամիկան կախված է պաշտոնական հանդիպումների որակից, շփումներից, մակարդակից: Օրերս էլ տեղի կունենա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան»,-նշեց նա:

Հայաստանի եւ Վրաստանի համար, ըստ պատգամավորի, շարունակում են ակտիվ քննարկման առարկա մնալ տարանցիկ փոխադրումները, ինչպես նաեւ Լարսին այլընտրանքային ճանապարհի փնտրտուքները:

«Ընդհանուր հետաքրքրություններ էլ կան այն առումով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ԵՄ հետ սերտ հարաբերություններ ունի, եւ երկու երկրներն էլ այդպիսի հզոր կառույցներում ունեցած դիրքը եւ տեղը փոխադարձ շահերի շրջանակում կարող են օգտագործել: Զբոսաշրջության ոլորտում եւս կա համագործակցության հեռանկար փորձի փոխանակման առումով, ինչն իրականացնելու ցանկություն է հայտնել Հայաստանը: Վրացական կողմն էլ, իր հերթին, ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի տեղեկատվական ձեռքբերումների նկատմամբ»,- եզրափակեց Շիրակ Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում