Ավելի ճկուն լինելու դեպքում, չեմ բացառում, որ համագործակցության եզրեր կգտնվեն նաև Հայաստանի և Իսրայելի միջև

Ավելի ճկուն լինելու դեպքում, չեմ բացառում, որ համագործակցության եզրեր կգտնվեն նաև Հայաստանի և Իսրայելի միջև

Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, առավել ևս՝ ռազմական համագործակցությունը բավական բարձր մակարդակի վրա է, չեմ կարծում, որ Լապշինի գործոնը կարող է որևէ կերպ վնասել կամ նպաստել հետագա հարաբերությունների ջերմացմանը կամ ավելի վատթարացմանը: Այս մասին ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով Հասանով-Լիբերման հանդիպումից առաջ Լապշինին ազատ արձակելու Ադրբեջանի որոշմանը, գրում է Թերթ.am-ը:

«Երևի թե համընկել է ուղղակի, որովհետև կոնկրետ թե՛ զենք վաճառելու հարցը, որի հետևից Ադրբեջանի պաշտպանության նախարարը գնաց Իսրայել, թե՛ Լապշինին ազատ արձակելու հարցը քաղաքական որոշումների խնդիրներ են: Իսկ ռազմական գործիչները, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ավելի տեխնիկական հարցեր են քննարկում։ Հակառակ պարագայում՝ Լապշինն արդեն Իսրայելում կլիներ, ինչն այդպես չէ, և որքանով ես եմ տեղյակ գործընթացից՝ իր՝ Իսրայել մեկնելուն խոչընդոտներ կան»,-ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Իսրայելի էքստրադիցիայի օրենսդրությունը դեռևս այնքան մշակված չէ, որ կարողանան ընդունել այդ քաղաքացուն՝ որպես էքստրադիցիայի ենթարկված իրենց քաղաքացու:

Անդրադառնալով Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանն ու Իսրայելի քաղաքական, պետական գործիչների կողմից Հայաստանին փոխանցվող ինչ-որ ժեստերին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է. «Իսրայելցի նախարարը Հայաստանում հայտարարեց, որ պատրաստ են հարաբերությունները խորացնել Հայաստանի հետ: Չեմ բացառում նաև ռազմական համագործակցությունը մեզ հետ»:

Նա նշել է, որ բոլորովին վերջերս Լեհաստանում կայացած ռազմական ցուցահանդեսին, որին ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, հավասար հնարավորություններ են եղել քննարկելու իսրայելական անօդաչու սարքերը գնելու, ձեռք բերելու հարցում. «Այսինքն՝ Իսրայելը հիմա շուկա է որոնում, բնականաբար, Ադրբեջանը կփորձի վետո դնել, ինչի փորձը եղել է, համագործակցության ընտրության առջև կանգնեցնել Իսրայելին։ Բնականաբար, Իսրայելն ընտրելու է Ադրբեջանին, որովհետև ավելի հարուստ է, ավելի գնողունակ է, ավելի մեծ քանակ է պահանջում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցությունը ռիսկեր էլ է պարունակում: Օրինակ՝ ապրիլյան պատերազմին, երբ ադրբեջանցիները լայնորեն կիրառում էին «ՍՊԱՅԿ» հակատանկային խոցման համակարգերը, այնքան էլ արդյունավետ չգործեցին: Ըստ քաղաքագետի՝ զուտ զինատեսակի միջազգային հեղինակության, մարտական գործողություններում փորձարկելու տեսակետից անգամ որոշակի հակագովազդ եղավ «ՍՊԱՅԿ»-ի մասին, որն ադրբեջանցի զինվորականների վատ գործելու հետևանք է:

«Այստեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Ավելի ճկուն լինելու, զենքի շուկան լավ ուսումնասիրելու դեպքում, չեմ բացառում, որ համագործակցության եզրեր կգտնվեն նաև Հայաստանի և Իսրայելի միջև»,-եզրափակել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում