Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ ժամանակն է, որ Քլինթոնը թոշակի անցնի

Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ ժամանակն է, որ Քլինթոնը թոշակի անցնի

Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում Է, թե ժամանակն է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու եւ երկրի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հեռանա քաղաքականությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Rasmussen Reports ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները:

Հաշվետվության հրապարակումը ժամանակի առումով համընկել է Քլինթոնի «Ինչ տեղի ունեցավ» գրքի թողարկման հետ, որում նա ներկայացնում է 2016 թվականի ընտրություններում իր պարտության պատճառները: Ընդ որում՝ նա իր անհաջողության համար մեծապես մեղադրում է ընտրարշավի հաղթող Դոնալդ Թրամփին, կուսակցության գծով մրցակից սենատոր Բեռնի Սանդերսին, ինչպես նաեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Սպասվում է, որ շուտով Քլինթոնը ԱՄՆ-ում գովազդային շրջագայություն կսկսի՝ հաջակցություն իր գրքի:

Հարցման տվյալների համաձայն, դրա մասնակիցների 61 տոկոսը կարծում է, թե ժամանակն է, որ Քլինթոնը հեռանա քաղաքականությունից: Հարցվածների գրեթե կեսը (49 տոկոսը) վստահ է, որ նրա քաղաքական գործունեությունը վնասում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, իսկ 21 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Ամերիկացիների 44 տոկոսը Քլինթոնի պարտությունը բացատրում է նրա թեկնածության թուլությամբ, իսկ 40 տոկոսը՝ «արտաքին պատճառներով»:

Հարցումը սեպտեմբերի 10-11-ին անցկացվել է հազար պոտենցիալ ընտրողների շրջանում: Վիճակագրական սխալանքը կազմում է 3 տոկոսային կետ:

Ավելի վաղ Հիլարի Քլիթոնը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ չի պատրաստվում այլեւս իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի պաշտոնի համար: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ չի ավարտում քաղաքական գործչի կարիերան, քանի որ «դա կապված է ԱՄՆ-ի ապագայի հետ»: Պատասխանելով տանուլ տրված ընտրություններից մեկ տարի անց իր վիճակի վերաբերյալ հարցին, Քլինթոնն ասել է. «Առաջվա պես շատ ցավալի է: Դա ինձ տառապանքներ է պատճառում»:

Ավելի վաղ Քլինթոնը խոստովանել է, որ գլխավոր սխալը, որն իրեն թույլ չտվեց հաղթանակ տանել ընտրություններում, դարձավ իր անձնական փոստը աշխատանքային գրագրության համար օգտագործելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում