Սեյսմիկ անվտանգության խնդիրների լուծումը ֆինանսական առումով ծանր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ. վարչապետ

Սեյսմիկ անվտանգության խնդիրների լուծումը ֆինանսական առումով ծանր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ. վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը, որի նպատակն է նպաստել հանրապետության տարածքում սեյսմակայունության բարձրացման կարիք ունեցող տարբեր նշանակության շենքերի անվտանգ շահագործմանը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանը և հնարավոր հետևանքների կանխարգելմանը: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք և 98 հազար տարբեր նշանակության շենքեր և շինություններ, պատմամշակութային հուշարձաններ:

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար նախապես կատարված ծախսերը տնտեսական և ֆինանսական տեսանկյունից 7-10 անգամ ավելի արդյունավետ են, քան հետևանքների վերացման համար պահանջվող ծախսերը: Ռազմավարությամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի լուծման առավել նպատակահարմար տարբերակ դիտարկվել է բնակարանային ֆոնդի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի, այդ թվում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմակայունության բարձրացմանն ուղղված առանձին ոլորտային նպատակային ծրագրային մոտեցումը»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ ռազմավարությունը հնարավորություն կտա ըստ ոլորտների գնահատել առկա իրավիճակը, վերհանել խնդիրները, սահմանել դրանց լուծման առաջնահերթությունները և մշակվող ծրագրերում հաշվի առնել սեյսմիկ ռիսկի բոլոր բաղադրիչները, փուլային մոտեցմամբ իրականացնել համակարգված միջոցառումներ: Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ սեյսմիկ հարցերի հետ կապված ռեալ պետք է գույքագրել խնդիրները, գտնել լուծումներ և հասկանալ հարցի գինը: «Դրան զուգահեռ այսօր քննարկում ենք համատիրությունների մասին օրենքը: Շատ հետևողական պետք է լինենք, ճիշտ է՝ հարցի լուծումը ֆինանսական ծանր խնդիր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ»,- ընդգծեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում