«Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքը բացեց իր դռները

«Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքը բացեց իր դռները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն Սուսաննա Վարդանյանն ասաց, որ դպրոցն առանձնահատուկ է կրթության որակով, այստեղ միջավայրը կրթությանը նպաստող է: «Մենք համագործակցում ենք կրթության եւ գիտության նախարարության հետ, ծրագրերը հիմնականում վերցնում ենք այնտեղից,սակայն ուսուցիչները բերում են նաեւ իրենց նորարարությունները: Յուրաքանչյուր դասարանում սովորում են 15 աշակերտ, դա արդեն ամենամեծ քայլն է»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով` դպրոցում սովորող աշակերտները ոչ միայն Վաղարշապատից եւ հարակից գյուղերից են, այլեւ Երեւանից: «Դպրոց ընդունվում են հարցազրույցով, որը մշակված է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական մակարդակին համապատասխան: Միջին եւ բարձր դասարաններ ընդունվելու համար երեխաները քննություններ են հանձնում: Այս տարի 140 թեկնածուից առաջին դասարան ընդունել ենք 45-ին»,-ասաց նա:

«Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ում սովորող յուրաքանչյուր երեխա ունի հաշվեքարտ, որ հաշվին յուրաքանչյուր տարի 100 ԱՄՆ դոլար է փոխանցվում: Դպրոցն ավարտելիս երեխան իր ստացած 1200 դոլարով կարող է լուծել իր հետագա ուսման խնդիրները: «Մեր դպրոցի առավելություններից մեկն այն է, որ մեր երեխաները կրկնուսույցի կարիք չեն ունենում: Դպրոցում կան հատուկ խմբակներ: Այս տարի TOEFL-ի մասնագետ էլ ենք բերել դպրոց, որը հոկտեմբերից կսկսի պարապմունքները»,-հավելեց նա:

Հանրակրթական ուսումնական հաստատության տեսուչ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով` դպրոցը 2009 թվականին սկսել է 80 աշակերտով, այդ տարում աշակերտ գտնելու խնդիր կար: Այսօր դպրոցում սովորելու համար շատերն են դիմում: Այն նախատեսված է 600 աշակերտի համար: «Բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ մենք այսօր ունենք այսպիսի շքեղ պայմանները: Ուսուցիչն այստեղ գիտի, որ պատասխանատու է ծնողի, եկեղեցու եւ աշակերտի առջեւ: Դասավանդողներին այստեղ ընդունում ենք ե՛ւ հարցազրույցով, ե՛ւ քննությամբ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում