ԱՄՆ պետդեպը ևս Ադրբեջանին կոչ է արել Մեհման Ալիևի վրայից հանել բոլոր մեղադրանքները

ԱՄՆ պետդեպը ևս Ադրբեջանին կոչ է արել Մեհման Ալիևի վրայից հանել բոլոր մեղադրանքները

ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել Մեհման Ալիևի վրայից հանել բոլոր ավելորդ մեղադրանքները, նրա նկատմամբ իրականացնել արդար դատաքննություն և չխոչընդոտել «Թուրան» լրատվական գործակալության գործունեությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հեթեր Նոյերը հանդես է եկել Մեհման Ալիևի ազատ արձակման վերաբերյալ հայտարարությամբ:

«Միացյալ Նահանգները դրական է գնահատում սեպտեմբերի 11-ին «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի նկատմամբ նախքան դատավարությունը խափանման միջոցը փոխելու որոշումը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերացնել Մեհման Ալիևին առաջադրված բոլոր մեղադրանքները և չխոչընդոտել «Թուրան» լրատվական գործակալության աշխատանքներին, որպեսզի գործակալությունն առանց ընդհատումների կատարի իր կարևոր գործառույթները: Մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչ անել չխախտել երկրում արտահայտման ազատությունը և մարդու իրավունքները: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում նաև ազատ արձակել այն բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են այս հիմնարար ազատությունները իրացնելու պատճառով»,-ասված է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:

ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը, սեպտեմբերի 12-ին խոսելով Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևեի ազատ արձակման վերաբերյալ, հույս էր հայտնել, որ նրա վրայից ամբողջությամբ կհանվեն մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում