Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսելու «Ադրբեջանական լվացքատան» գործով

Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսելու «Ադրբեջանական լվացքատան» գործով

Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսելու բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» անվանումով աղմկահարույց գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, The Guardian-ը տեղեկացնում է, որ Եվրախորհրդարանի անդամները ձայների 349 կողմ, 290 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկել են «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական համապարփակ հետաքննություն սկսելու օգտին:

ԵԽ պատգամավորները կարծիք են հայտնել, որ Բաքուն փորձել է զարտուղի ճանապարհներով ներազդել եվրոպացի օրենսդիրների որոշումների վրա:

««Ադրբեջանական լվացքատուն» ապօրինի ֆինանսական սխեմայի միջոցով Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին»,- գրել է պարներականը:

ԵԽ պատգամավորները պահանջել են այս գործով համապարփակ հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ինչպես է ապօրինի ճանապարհներով ազդել եվրոպացի քաղաքական գործիչների որոշումների վրա: Խոսքը վերաբերում է այն քաղաքական գործիչներին, որոնք 2013թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) դեմ են քվեարկելԱդրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող զեկույցին:

Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի դեմ աննախադեպ դատական գործ սկսել՝ հիմնվելով այն փաստի վրա, որ այդ երկիրը հրաժարվում է ազատ արձակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից արդարացված քաղբանտարկյալին՝ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադովին: 2013թ. հակակառավարական ցույցերի կազմակերպման մեղադրանքով կալանավորված Մամադովի գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ նրան ազատազրկել են երկրի իշխանություններին քննադատելու համար: Սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Մամադովին ազատ արձակել:

The Guardian նկատում է, որ եվրոպացիների կողմից Բաքվի դեմ նման կտրուկ հայտարարությունները մատնանշում են, որ Եվրոպայի կարևորագույն հաստատություններում օրակարգային են դառնում Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների ու կոռուպցիայի հարցերը:

Եվրոպայի խորհրդում կայացած նիստի ժամանակ պատվիրակները կոչ են արել Յագլանդին դատական գործ սկսել Ադրբեջանի դեմ՝ ՄԻԵԴ-ի վճիռներն անտեսելու մեղադրանքով: Ըստ պարբերականի, Եվրոպայի խորհրդի գոյության 68 տարվա պատմության ընթացքում սա աննախադեպ քայլ է:

«Մենք չենք կարող Եվրոպայում քաղբանտարկյալներ հանդուրժել, ինչպես նաև չենք կարող հանդուրժել մի իրավիճակ, որում Ադրբեջանը շարունակում է Մամադովին զրկել ազատության իրավունքից, ինչը հակասում է բարձրագույն դատարանի վճռին: Ժամանակն է, որ Ադրբեջանը լուրջ մտածի Եվրոպայի խորհրդի անդամ լինելու շրջանակում ստանձնած պարտավորությունների ու դրանք իրագործելու մասին»,– ասել է Յագլանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում