Խաղողի մասսայական մթերումների գործընթացը մեկնարկել է

Խաղողի մասսայական մթերումների գործընթացը մեկնարկել է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով սեպտեմբերի 15-ին եղել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության մասնաճյուղում, հետևել աշխատանքների ընթացքին:

«Մի շարք գործարաններ` Պռոշյանի կոնյակի գործարանը, «Արմենիա վայն» ընկերությունն արդեն սկսել են մթերումները վաղահաս խաղողի և գինու արտադրության համար, սակայն մեծածավալ մթերումը սկսվում է այսօր: Երևանի կոնյակի գործարանն այսօր մեկնարկեց գործընթացը, մյուս ընկերությունները նույնպես պատրաստ են մթերումներ իրականացնել: Մեր կանխատեսումներով` եթե բոլոր ընկերություններն իրենց հայտարարած ծավալներով մթերումներ իրականացնել, ապա խնդիրներ ընդհանրապես չեն առաջանա: Այս տարի կմթերվի շուրջ այնքան խաղող, որքան նախորդ տարի` 109-110 000 տոննա»,– լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Առաքելյանը:

Որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, և հանրությանը հավաստի տվյալներ ներկայացվեն, ՀՀ կառավարության հանձնարարությամբ Գյուղատնտեսության նախարարությունը վերամշակողներից կհավաքագրի մթերված բերքի ծավալներին վերաբերող տվյալները, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհամադրի դրանք արտադրված գինենյութի ցուցանիշների հետ:

Ցածր տոկոսադրույքով մատչելի մթերման վարկերի տրամադրումն այս տարի կնպաստի նաև վճարումների կատարման խնդիրների լուծմանը: Նախարարն ընդգծել է, որ հետևելու են, որպեսզի գումարն ուղղվի այն ընկերություններին, որոնք գյուղացուց են մթերումներ իրականացնում, խաղողի սեփական այգիներ ունեցող վերամշակողների հայտերը մերժվելու են, լինելու է մոնիթորինգ և խիստ վերահսկողություն: 14 ընկերությունների հայտեր ուսումնասիրման փուլում են:

Նախարարի խոսքով` մթերման գինը կորոշեն ընկերություններն ու գյուղացիական տնտեսությունները կնքված պայմանագրերի համաձայն:

Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով` վաղվանից մթերումները կսկսեն իրականացվել նաև Արարատի մարզի Այգավանի, իսկ սեպտեմբերի 20-ից` Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղում, մթերման գինը 130 դրամ է 1 կգ-ի դիմաց:

«Այս տարի կընդունենք շուրջ 30 հազար տոննա խաղող, ֆինանսական ոչ մի խնդիր չկա, վաղվանից կսկսվեն վճարումները այսօր գնված խաղողի դիմաց»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահը:

Արա Գրիգորյանը հավելել է, որ մթերումներն իրականացվում են բացառապես պայմանագրային հիմունքներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում