«Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը խթանելու է Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը

«Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը խթանելու է Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը

Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու, ներդրումի աճը խթանելու, եվրոպական ու հայկական ընկերություններին արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ ներկայացնելու համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպական բիզնես ասոցիացիայի և ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ կազմակերպել է «Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը, որը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 17-ը:

Ցուցահանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, որ Եվրամիությունը առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է, որը մշտապես կարևորում է անդամ երկրների և Հայաստանի միջև արդյունավետ առևտրային համագործակցությունը:
«Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրն է։ Սա նշանակալի է, քանի որ Եվրամիության շուկան շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ շուկան։ Շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում է մուտք գործել ԵՄ շուկա և շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք աջակցել: Իսկ նման միջոցառումները միտված են նրան, որ ե՛ւ եվրոպական երկրները, ե՛ւ Հայաստանը շահեն դրանցից»,- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նա հիշեցրեց, որ Եվրոպական միության հետ առևտրային գործարքներ իրականացնելիս Հայաստանը հաջողությամբ օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+). ավելի քան 3000 հայկական ապրանք ազատ մուտք ունի դեպի ԵՄ շուկա։

Ցուցահանդեսը տեղի է ունենում ԵՄ անդամ երկրների և Հայաստանի կառավարության աջակցությամբ: Միջոցառման շրջանակում անցկացվելու է ԵՄ-Հայաստան-Իրան բիզնես ֆորում՝ կազմակերպված Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Այն համախմբելու է ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների մասնակիցներին: Քննարկման առանցքային թեմաներն են լինելու Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու հայ-իրանական սահմանի կառավարումը: Կկազմակերպվեն նաեւ կլոր սեղան քննարկումներ Հայաստանը հայտնի զբոսաշրջային գոտի դարձնելու, ինչպես նաև բիզնեսի հաջողության համար խորհրդատուների դերի և արտահանման զարգացման թեմաներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում