Ադրբեջանի մարդաորսը ոչ մի լավ արդյունքի չի բերի հենց այդ երկրին

Ադրբեջանի մարդաորսը ոչ մի լավ արդյունքի չի բերի հենց այդ երկրին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ Ադրբեջանն այսուհետ որոշակի ողջախոհություն կդրսեւորի եւ չի զբաղվի մարդաորսով, որը ոչ մի լավ արդյունքի չի բերի հենց այդ երկրին: Մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին գրառումը՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ այն Լապշինը ներկայացնում է հիմնականում երկու հետաքրքիր հանգամանք:

«Առաջինը այն, որ հայատյացության մակարդակը ոչ միայն անընդունելի մակարդակի է հասել Ադրբեջանում, այլեւ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Իսկ երկրորդը վերաբերում է Ադրբեջանում իսլամական ծայրահեղականության մեծաթիվ ու շատացող կողմնակիցներին, ինչը նույնպես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ ռադիկալ իսլամիզմը գլոբալ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրության համար»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ որոշակի հակազդեցություն միանշանակ նկատելի է, ինչի մասին վկայում են թե իրավապաշտպան համայնքի գործողությունները, թե «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները:

«Մեզ համար կարեւոր է ունենալ որոշակի սկզբունքներին հավատարիմ հարեւան, սակայն ցավոք սրտի, այս ուղղությամբ որեւէ դրական զարգացում չենք տեսնում»,-եզրափակեց Արցախի ՄԻՊ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում