Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից

Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից

Սփյուռքի բոլոր շերտերի հետ փոխադարձ ներգրավվածությունը քաջալերելը, Սփյուռքում հայապահպանությանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, հատկապես սիրիահայությանը հնարավորինս աջակցության տրամադրելը և համակարգումը եղել է պետական քաղաքականության առանցքում: Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև մեր լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն:

«Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան դարձնենք նաև Սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր»,- «ասաց նախագահը:

Նրա խոսքով, դրա համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ներդրումային միջավայրը: Սփյուռքահայերի ներգրավումը թույլ կտա նաև հարստացնել ու զարգացնել հայաստանյան գործարար մշակույթը, բարձրացնել երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը` աշխարհում, բազմապատկել մեր հարստությունը:

«Կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել: Ոտքերի վրա ամուր կանգնած մեր հայրենիքն այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը: Այն դաշտը, որի վրա մենք պետք է կառուցենք հայրենիք-Սփյուռք համագործակցությունը՝ ուժեղ և զարգացած Հայաստան, անկախ և անվտանգ Արցախ, սփյուռքի կազմակերպված համայնքներ ունենալու տեսլականն է՝ հայկականության ոգով, եռանդով և հային բնորոշ մտքի թռիչքով»,-նշեց նա:

Նախագահի խոսքով, Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից: Ըստ նրա` մենք ճանաչում և արժևորում ենք Սփյուռքն իր բազմաշերտ էության մեջ:

«Վերջին տարիներին տարբեր առիթներով ես հանդիպել եմ մեծ հաջողությունների հասած կամ դեռ այդ ճանապարհին գտնվող բազմաթիվ երիտասարդների, տեսնում եմ նրանց ավյունը իրենց հայրենիքին օգտակար լինելու հարցում: Մենք պետք է նոր ուղիներ գտնենք նրանց ներգրավվածությունը ապահովելու համար: Մեր սփյուռքի գաղթօջախները բազմազան են և ոչ միատարր՝ կախված նրանից, թե երբ և ինչ պատճառներով են ձևավորվել: Միատարր չեն թե՛ իրենց պատմական փորձով, և թե՛ քաղաքական հայացքներով: Յուրօրինակ լինելով՝ ցանցերը միմյանց հետ պետք է շաղկապվեն և համագործակցեն թե՛ իրենց հյուրընկալ երկրներում հաջողության հասնելու, թե՛ մայր Հայաստանի ապագան կառուցելու նպատակով»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Խոսելով սփյուռքի ապագայի, տարբեր համայնքներում ինքնության պահպանման, մշակութային զարգացման և օտար հասարակություններում ներգրավվելու ու հաջողության հասնելու մասին, ըստ նախագահի, անշուշտ պետք է նկատի ունենալ աշխարհում տեղի ունեցող կարևոր փոփոխությունները և քայլել ժամանակին համընթաց:

«Գլոբալ միգրացիոն միտումները վերաբերում են նաև Հայաստանին ու աշխարհասփյուռ հայ համայքներին: Տեղի է ունենում մարդկանց մեծ խմբերի միգրացիա ոչ միայն նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից դեպի ավելի հրապուրիչ աշխատաշուկա ունեցող երկրներ, այլև Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Կանադա, Միացյալ Նահանգներ ու Եվրոպա: Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է փոխվում հենց Սփյուռքի կայացած համայնքների կառուցվածքը: Այո՛, մենք տեսնում ենք, որ Հայաստանը և հայկական տարբեր համայնքներ դարձել ենք հաղորդակից անոթներ: Մեր խնդիրն է, որ այդ շփումները և հաղորդակցությունը գան զարգացնելու և զորացնելու ինչպես Հայաստանը, այնպես էլ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայ համայնքը»,-հավելեց նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում