Ապրիլյան դեպքերը կրկնելու պարագայում Ադրբեջանը կստանա շատ խիստ պատասխան. Նալբանդյան

Ապրիլյան դեպքերը կրկնելու պարագայում Ադրբեջանը կստանա շատ խիստ պատասխան. Նալբանդյան

Եթե Ադրբեջանը փորձի կրկնել ապրիլյան դեպքերը, ապա կստանա շատ խիստ պատասխան: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում պատասխանելով ներկաների հարցերին՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- նշեց նա:

Ադրբեջանի կողմից զենքի գնման վերաբերյալ հարցին ՀՀ արտգործնախարարը պատասխանեց, որ նրանք գումար ունեն, գնում են:

«Այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրենց միջև, թե ում գտնեն, որ իրենցից զենք առնեն: Իսկ Ադրբեջանը գումար ունի»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ մեր զինվորները ոչ թե կռվում են ոստիկանական ատրճանակով, այլ ունեն ժամանակակից զենք ու զինամթերք:

«Մենք չունենք այդ նավթի, գազի էժան ձևով ստացած գումարները, միլիարդները, իսկ գիտեք Ադրբեջանի բյուջեն ինչ թվերի է: Մենք մեր հնարավորությունների սահմանու ձեռք ենք բերում զինամթերք, որ պահենք բալանսը, և դա է պատճառը որ մեծ պատերազմ մինչ այսօր չկա»,-շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ մոտակա օրերս բարձր մակարդակի այցելություններ են ունենալու:

«Մենք շատ ինտենսիվ կապեր ունենք Իրանի հետ»,-ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում