Արմեն Մինասյան. Հայաստանը սպասելու ժամանակ չունի

Արմեն Մինասյան. Հայաստանը սպասելու ժամանակ չունի

«Կարևորելով տեխնիկական և կիբեր ոլորտները տեղեկատվական անվտանգության և Հայաստանի ու հայության շահերի առաջ մղման հարցում, պետք է չմոռանալ, որ բովանդակությունն է որոշողը»,-ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, ով նախագահում է «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» նիստը:

Նա մանրամասնեց, որ գործիքներն ու կառուցվածքներն առանց բովանդակության որևէ լուջ ազդեցություն ունենալ չեն կարող:

Նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Մինասյանն անդրադարձավ հակահայկական քարոզչության ներկա փուլին, դրա հետ կապված մարտահրավերներին և դիմագրավման հնարավորություններին:

«Անցած հարյուր տարիների ընթացքում մենք, հատկապես Սփյուռքում մեր հայրենակիցներն, ամեն օր բախվել են բովանդակության հետ կապված խնդիրներին, առաջին հերթին Թուրքիայի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, պատմության մասին կեղծ պատկերացումների տարածմանը: Հայաստանի անկախացման շրջանում արցախյան պատերազմից հետո շատ ավելի ագրեսիվ է Հայաստանի արևելյան հարևանը՝ Ադրբեջանը: Հակահայկական քարոզչության առաջամարտիկն այլևս Ադրբեջանն է ու այդ նպատակի իրականացման համար հսկայական ֆինանսական ու նյութական ռեսուրսներ են ծախսվում»,-խնդիրը ներկայացրեց Մինասյանը:

Նա նշեց, թե Թուրքիան, թե Ադրբեջանը կեղծ տեղեկություններ են տարածում:

«Կեղծ տեղեկություններ սարքելը մի բան է, դրանք թիրախային լսարանին հասցնելը՝ մեկ այլ բան: Ահա այստեղ է, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»,-ասաց նա:

Բանախոսը նշեց, որ Սփյուռքում իր հանդիպումների, քննարկումների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ քիչ են կարևորում Ադրբեջանի գործոնը՝ գուցե պատմական իներցիայով կարևորելով Թուրքիայի ֆակտորը:

«Բայց հիմա թե Միացյալ Նահանգներում, թե Արևմտյան Եվրոպայում բավականին ակտիվ աշխատում են ադրբեջանական ցանցերը»,-ասաց կենտրոնի տնօրենը:

Նա համաժողովի՝ սփյուռքահայ մասնակիցների ուշադրությունը հրավիրեց փաստին, որ Ադրբեջանն ու Թուրքիան հակահայ գործունեություն ծավալելու համար հիմնվում են տեղական ռեսուրսների վրա՝ կլինեն քաղհասարակության սուբյեկտներ, կրթօջախներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մարզական, հասարակական գործիչներ:

«Հայության դեմ աշխատող հսկայական ցանցեր են ձևավորվում ու գործում»,-նշեց բանախոսը՝ ավելացնելով, որ խնդրի վերաբերյալ Հայաստանում հետազոտություններ են իրականացրել, հրատարակել «Խավիարային դիվանագիտություն» վերանգրով աշխատությունը:

Արմեն Մինասյանը նկատեց, թե՝ պատմական ողբերգության հետևանքով Հայաստանն էլ ունի իր ցանցը: Ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի հայկական ցանցն ունի որոշակի գաղափար՝ «բոլորս մեկտեղված են այրամբ, պորտով, մենք բոլորս հայ ենք ու նվիրված ենք այդ գործին»: Նա ընդգծեց, այսօր կա որոշակի կազմակերպվածության, օրակարգ ձևավորելու, միմյանց հասկանալու խնդիր:

«Մենք միմյանց հետ երկխոսելու խնդիր ունենք: Կա ցանցը, ընդամենը պետք է հասկանալ և հարցը լուծել»,-ասաց նա:

Անդրադառնալով երրորդ չափմանը՝ տեխնոլոգիաներին, քաղաքագետը կոչ արեց օբյեկտիվորեն նայել իրավիճակին, Թուրքիան ու Ադրբեջանն արագ զարգացող պետություններ են, մեծ միջոցներ են ներդնում տեխնոլոգիական համալրման գործում: Նա մանրամասնեց՝ խոսքը միայն նյութական միջոցներին չի վերաբերում, այլև հասարակական պրոցեսներում ճիշտ ազդելու, ճիշտ աշխատելու մեխանիզմներին, տեխնոլոգիաներին:

«Անցած տասնամյակում աշխարհում երկու տերմին է լայն տարածում գտել, բոլորը դրա միջոցով են մրցակցում: Առաջինը ֆեյք նյուզն է, մյուսը՝ հիբրիդային պատերազմ: Պետք է արձանագրենք, որ այս երկու տերմիներն այլևս վերաբերում են նաև Հայաստանին և նրա առաջ ծառացած մարտահրավերներին: Բավականին ինտենսիվ աշխատանք է տավում մեր դեմ: Հասկանալի է, որ ճշմարտությունը ինչ-որ պահի հաղթելու է անպայման: Բայց եթե նայենք պատմական փորձին, Եվրոպային հազար տարի պահանջվեց, որպեսզի սխոլաստիկայի այդ մութ շրջանից դուրս գա: Մենք սպասելու ժամանակ չունենք, ակտիվ գործելու և ճշմարտությունն աշխարհին հասցնելու կարիք ունենք»,-ասաց Մինասյանը:

Նա նիստի մասնակիցներին հորդորեց համատեղ ուժերով ճիշտ գնահատել ռիսկերը և դեղահաբերը, որոնք կարելի է օգտագործել հայ հասարակության, պետության, աշխարհասփյուռ հայության դեմ օգտագործվող հակահայական քարոզչության դեմ, որի հիմնական նպատակը նեգատիվ լույսի ներքո ներկայացնել Հայաստանը, Արցախը, ողջ հայությանը:

«Մենք պետք է գործենք միասնաբար»,-խոսքն ավարտեց Ա. Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում