Կարեն Կարապետյան. «Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլև որպես հարմար հարթակ մեծ շուկաներ ներթափանցելու համար»

 Հաջողակ են այն երկրները, որտեղ արարող, հավելյալ արժեք ստեղծող, աշխատասեր, երկրի համար անհանգիստ մարդը զգում է իր պահանջվածությունը: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել հենց այդպիսի երկիր: Այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` ընդգծելով, որ դրան է ուղղված Կառավարության հնգամյա ծրագիրը:

«Ներկայումս մշակում ենք Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030-ը, մշակում ենք Հայաստանի թվային օրակարգը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդյունավետության աճ և զարգացում: Իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ, մասնավորապես, Կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն ստեղծելով ստանալ այն գիտելիքները, ունակությունները և հմտությունները, որոնք կենսական նշանակություն կունենան ժամանակակից աշխարհում: Մենք նախաձեռնել ենք հանրային կառավարման ոլորտի ռեֆորմներ՝ բարելավելով որոշումների կայացման մեխանիզմները, զարգացնելով կառավարման ինստիտուտների կարողությունները` դարձնելով ավելի արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ և ներառական: Արդեն մի շարք ծրագրեր ենք նախաձեռնել, որոնք հնարավորություն կտան մեր սփյուռքին ավելացնելու իրենց մասնակցությունը թե՛ պետական կառավարման մեջ և թե՛ բիզնեսում»,– ասաց Կարեն Կարապետյանը:

Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը և անաչառությունը ապահովելու համար։ Այն որդեգրել է անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Իրականացնում է առողջապահության ոլորտի կառավարման արդիականացման ծրագիր՝ ավելի բարձրակարգ և որակյալ բուժսպասարկում ապահովելու, իսկ համակարգը՝ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Կառավարությունը շեշտը դնում է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման վրա՝ միաժամանակ ֆերմերային տնտեսություններն ապահովելով արտոնյալ ռեսուրսներով՝ տարեկան 2-տոկոսանոց վարկ գյուղտեխնիկայի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ձեռք բերման համար, ինչպես նաև այլ արտոնյալ վարկեր:

«Ամբողջովին վերանայել ենք մարզերի և համայնքների զարգացման տրամաբանությունը՝ շեշտը դնելով չափելի և պրագմատիկ հնգամյա զարգացման ծրագրերի վրա: Մենք աշխատում ենք գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, որը պետք է նաև իր դրսևորումը ստանա Հայաստանի Doing Business վարկանիշի դիրքերի բարելավման մեջ: Հետևողականորեն բարելավում ենք հարկային և մաքսային վարչարարությունը՝ արագ և արդյունավետ դարձնելու համար բիզնեսի հետ փոխգործակցությունը: Հայաստանը գործարարության և ներդրումների արդյունավետ և ճկուն հարթակ դարձնելու աշխատանքները կլինեն շարունակական»,-ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլև որպես հարմար հարթակ մեծ շուկաներ ներթափանցելու համար: Մասնավորապես, ԵԱՏՄ`180-միլիոնանոց շուկա, որտեղ մուտք գործելու համար հայկական ձեռնարկություններն ունեն առավելություններ և արտոնություններ. հարևան Իրան` 80-միլիոնանոց շուկա, սահմանին ազատ տնտեսական գոտի, իսկ ԵԱՏՄ մակարդակով վարվում են բանակցություններ՝ առևտրային հատուկ ռեժիմներ ունենալու վերաբերյալ. Եվրամիություն և ԱՄՆ՝ GSP+ համակարգ, որը հնարավորություն է տալիս հայկական ապրանքներն արտոնյալ ռեժիմներով հասցնել ԵՄ և ամերիկյան շուկաներ։ Ավելին` Եվրամիության հետ այս նոյեմբերին ստորագրվող համաձայնագիրն առավել կխորացնի այդ համագործակցությունը։ Վրաստանի հետ էլ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր:

«Մենք ճիշտ ուղու վրա ենք, որի մասին խոսում են ընթացիկ ցուցանիշները. տնտեսական ակտիվության աճ՝ 6.2 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ոլորտի աճ՝ 12.7 տոկոս, պետական բյուջեի մուտքերի աճ՝ 6 տոկոս, իսկ ավելացված արժեքի հարկի վերադարձի պայմաններում՝ 9.3 տոկոսի աճ՝ միաժամանակ նվազեցնելով ձեռնարկությունների ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 47.8 տոկոսով, արտահանման աճ՝ 21.6 տոկոս, ներմուծման աճ 28.5 տոկոս, և որի կառուցվածքն է մեզ հուսադրում, մոտ 24.3 տոկոսով ավելացել է դեպի Հայաստան այցելությունների քանակը։ Գիտակցում ենք, որ մեկ տարվա աշխատանքի այս արդյունքները դեռ բավարար չեն Հայաստանի բնակիչների կյանքը որակապես փոխելու համար։ Պետք է ակտիվ շարունակենք այս ամենը՝ միաժամանակ մշակելով և իրականացնելով նոր ծրագրեր»,- ասաց վարչապետը։

Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի աշնանը նախատեսում են կազմակերպել մեծ տնտեսական և ներդրումային ֆորում Հայաստանում, որի հարթակներում կխոսվի Հայաստանի վաղվա օրվա, Հայաստանի տեսլականի մասին, կներկայացվեն արդեն իսկ հաջողած և ընթացքի մեջ գտնվող նախագծերը, ինչպես նաև ամբողջովին նոր բիզնես-նախագծեր թե մասնավոր և թե հանրային-մասնավոր ձևաչափով: Նախատեսվում է այդ ֆորումը դարձնել ամենամյա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում