Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ

Սփյուռքահայությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի Հայաստանի տնտեսությունը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական առևտրային ցանցի ատենապետ Օլեգ Բաղդասարյանը:

«Վստահ եմ, որ միասնական աշխատանքով կպարզենք, թե ինչպես կարող է սփյուռքը ներդրում ունենալ տնտեսության բարելավմանն ուղղված աշխատանքներում: Որպես Հայկական առևտրային ցանցի ատենապետ, կարող եմ ասել, որ Հայաստանում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, և այսօր լուրջ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով. բարձրացվել է վստահության մթնոլորտը, հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, պատրաստվում են ներդրումների մասին տեղեկություններ և հիմքեր ստեղծվում, որ ներդրումների մասին տեղեկությունը փոխանցվի ներդրողներին»,- նշեց Բաղդասարյանը:

Նրա կարծիքով՝ սփյուռքահայն, անկախ նրանից, թե որ երկրից է և անկախ նրանից, թե ինչ հնարավորություն ունի, պետք է գործնական քայլեր կատարի Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում