Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով

Իսրայելը շահագրգռված է չեզոք հարաբերություններ ունենալ տարածաշրջանի պետությունների հետ: Բացի այդ՝ Իսրայելը, միգուցե, ուզում է վերջնականապես փլուզել Իրաքը: Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այս երկու գործոններով բացատրեց Իսրայելի՝ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն պաշտպանելը:

«Իսրայելը միակ պետությունն է, որ պաշտոնապես պաշտպանում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, օգնում զենքով: Իսրայելի հետախուզությունը ևս լավ է աշխատում Քրդստանում: Նրանք պաշտոնապես հայտարարում են, որ պետք է ճանաչեն հանրաքվեի արդյունքները: Երկու բաղադրիչ եմ տեսնում այս հարցում: Իսրայելը շահագրգռված է չեզոք հարաբերություններ ունենալ տարածաշրջանի պետությունների հետ՝ նկատի ունենալով, որ շրջապատված է թշնամիներով»,-ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ կա նաև հարցի բարոյահոգեբանական կողմը: Իրաքը արաբա-իսրայելական բախումների ժամանակ շատ ակտիվ պայքարել է Իսրայելի դեմ: «Կարծում եմ, որ այս քայլով ուզում են վերջնականապես փլուզել Իրաքը»,-նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Նավասարդյանի խոսքով՝ Իսրայելի վերաբերմունքը հայերի նկատմամբ ևս փոխվել է: Նրանք չեն ուզում մնալ մուսուլմանական ուժերի՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի մեջտեղում: «Արդեն կես տարի է՝ տեղի են ունենում փոփոխություններ Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությունում, որոնք ուղղված են, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունների կանոնավորմանը»,-եզրափակեց նա :

Հետևեք մեզ նաև Telegram-ում