Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով արցախյան հիմնահարցի կարգավորմանը, խոսեց տարածքներ հանձնելու մասին, մանրամասնելով, որ «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Մի կողմ թողնելով նախարարի նման հայտարարություն անելու աննպատակահարմարությունը, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը վարում է բացահայտ հայատյաց քաղաքականություն ու անհանդուրժողականությամբ տապալում բանակցային գործընթացը, շատ ավելի կարևոր է այս դեպքում արցախյան կողմի արձագանքը այդ հայտարարությանը:

Հենց նույն համաժողովի ժամանակ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ասաց, որ Արցախի բոլոր տարածքներն ունեն նույն կարգավիճակը և համարվում են մեր երկրի անբաժանելի մասը: Մենք առաջնորդվում ենք հենց այս սահմանադրական դրույթով:
Սա Նալբանդյանի ասածի ճիշտ հակառակն է, այլ խոսքով Արցախի ԱԳ նախարարը մերժեց տարածքներ հանձնելու մոտեցումը:

Նույն հայտարարության մեջ Նալբանդյանը՝ շարունակելով միտքը, հավելում է, որ «Եռանախագահները ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ապագան ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև այդ կամարտահայտության կազմակերպումը, վերջնական կարգավիճակի որոշման նպատակով, ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, սա նշանակում է, որ հետո կա նաև վերջնական կարգավիճակ»:

Այն, որ միջանկյալ կարգավիճակին կհաջորդի վերջնական կարգավիճակ, դա պարզ է բոլորին, սակայն չկա որևէ երաշխիք, որ այդ վերջնական կարգավիճակը լինելու է հենց այն, ինչին ձգտում է Արցախը: Այլ խոսքով անորոշության դիմաց խոսել տարածքների վերադարձի մասին, մեղմ ասած չի բխում Արցախի ժողովրդի շահերից:

Թերևս դրան բավականին դիպուկ անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ՝ Դավիթ Բաբայանը. «Երբ միշտ խոսում են վերադարձի մասին և այլն, մենք միշտ ասել ենք, որ անցյալին վերադարձ չկա: Ընդհանրապես, եթե խոսում ենք փոխզիջումային տարբերակի մասին, ապա քայլերը պետք է լինեն համահունչ: Օրինակ՝ չի կարելի պահանջել 1988 թ. սահմանների վերականգնում, ինչպես Ադրբեջանն է անում՝ ինչ-որ խոստումների դիմաց: Խոստումների դիմաց կարելի է միայն խոստումներ տալ»:

Այս ամենից պարզ է դառնում, որ Արցախը չի ընդունում Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները: Իսկ դիվանագիտության մեջ սովորաբար չընդունելով հայտարարությունները, չեն ընդունում նաև այդ հայտարարություններն անողին:

Իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ Արցախը պարզապես մերժում է Էդվարդ Նալբանդյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում