Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը

Այսօր օրակարգային թիվ մեկ խնդիր է՝ պարտադրել Ադրբեջանին կատարել ստանձնած պարտավորությունները, որից հետո միայն կարելի է անցնել փաստաթղթային գործընթացին: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Արցախյան հիմախնդիրը հասարակական-քաղաքական օրակարգի կարեւորագույն հիմնախնդիրներից է: Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակական- քաղաքական օրակարգում ղարաբաղյան կարգավորման դետալների քննարկումը օրհասական հարց է, քանի որ ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունն այն տեսանկյունից, որ գիտենք, որ դրանք Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ են ընթանում: Այսինքն՝ այսօր բանակցում են բանակցություններ սկսելու, բանակցային արժանահավատ եւ անվտանգ միջավայր ստեղծելու մասին: Պետք չէ միջազգային հանրությանը կամ Ադրբեջանին ցույց տալ, որ այս հարցերը չլուծած մենք համարում ենք, որ կարող ենք անցնել կոնկրետ բանակցային սեղանին դրված որոշակի նրբությունների քննարկմանը»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանի հավաստմամբ՝ հնարավոր չէ բանակցել մի կողմի հետ, որը չի կատարում պարտավորությունները: Նա նաեւ նշեց, որ բնական է համարում հասարակության ցասումային եւ սուր արձագանքը՝ կապված տարածքների հետ:

«Ես կտխրեի, կզարմանայի եւ ամեն ինչ կանեի, որ լինի այնպես, ինչպես որ կա, եթե այսպես չլիներ, սակայն խնդրում եմ ձեզ, հավատացեք՝ բանակցային գործընթացն այնպիսի ամուր ձեռքերում է, որ եկեք երկար շախմատային քաղաքական այս խաղատախտակի վրա սխալ հարցադրումներով չշեղենք ներկայիս օրակարգը, որը փաստաթղթի դետալների մասին չէ»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում