Շավարշ Քոչարյանը երաշխավորում է, որ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը վստահ է, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Ես դա երաշխավորում եմ»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը՝ խոսքն ուղղելով «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ով «Հայաստան-սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում իր մտահոգություններն էր հայտնում Բյուլբյուլօղլուի թեկնածության վերաբերյալ:

Կարինե Դանիելյանի կարծիքով՝ եթե ադրբեջանցի պաշտոնյան ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա Հայաստանը պետք է մոռանա այդ կառույցում իր պատմամշակութային ժառանգության գրանցման մասին:

«Մենք նամակ ենք ուղարկել՝ մատնանշելով Բյուլբյուլօղլուի հայտարարությունները հայերի մասին»,- ասաց Կարինե Դանիելյանը՝ հորդորելով սփյուռքի ներկայացուցիչներին եւս համապատասխան երկրներում ակտիվ աշխատանք տանել նման իրավիճակը կանխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում