Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Սփյուռքը պետք է նույնածավալ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես անում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Նրա հավաստմամբ՝ սա խնդիր է, որը պետք է բարձրաձայնել:

«Երկար ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը թելադրվում է եւ թելադրված է երկու խնդիրներով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ եւ ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Գաղտնիք չէ, որ այս համամասնությունների մեջ Սփյուռքի ներուժի օգտագործման, ներառման գործոնն ավելի շատ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Համատեղ ջանքերով, իհարկե, այս գործում գրանցել ենք մեծ հաջողություններ Եվրամիության երկրներում, ԱՄՆ նահանգներում եւ այլուր»,-  «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ չնայած այդ հաջողություններին՝ չենք կարելի ասել, որ գործընթացն ավարտել է:

«Այն ավարտված կլինի, երբ Թուրքիան ճանաչի այդ փաստը եւ այդքանով հանդերձ կատարի մեր կարեւորագույն առաքելություններից մեկը՝ կանխվեն ցեղասպանությունները եւ լուծվի Հայաստանի անվտանգության խնդիրներից մեկը»,-ասաց պաշտոնյան եւ ընդգծեց, որ այնուամենայնիվ արտաքին խորհրդարանական դիվանագիտության օրակարգում պետք է ներառված լինեն ոչ միայն անվտանգության հետ կապված, այլեւ անվտանգային, ոչ քաղաքական հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում