«Հրապարակ». Արմեն Ամիրյան. Թումանյանի թանգարանը համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու

«Հրապարակ»-ը զրուցել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:

Այս օրերին շատ քննարկվեց այն, որ Թումանյանի թանգարանում ստալինյան բռնաճնշումների թեմայով ցուցահանդեսը չկայացավ։ Այդ հարցում մեղադրում էին մշակույթի նախարարությանը, որ չի թույլատրել։ Ի՞նչ կասեք այս մասով։

– Թումանյանի թանգարանը ո՛չ սուբսիդիայի պայմանագրով, ո՛չ միջնաժամկետ ծրագրերով, ո՛չ որևէ այլ համաձայնագրերով համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու։ Խոսքն ամենևին թեմային չի վերաբերում, խոսքը վերաբերում է աշխատանքային ներքին կանոնակարգին և ցուցադրության ձևաչափին։ Որևէ կերպ համաձայնություն չի եղել։ Մեր խնդիրն է, թե ինչ միջոցներով է արվում այդ ցուցադրությունը, եթե արտաբյուջեով, ապա արտաբյուջեն նույնպես մաս է կազմում մեր թանգարանի բյուջեին։ Վերջին հաշվով՝ չմոռանանք, որ թանգարանը պատկանում է մշակույթի նախարարությանը։ Իսկ թեմայի առնչությամբ կարող եմ ասել, որ մենք այս տարի բազմաթիվ առիթներով անդրադարձել ենք այդ թեմային։ Մասնավորապես, թանգարանային գիշերն ունեցել էր նման ենթավերնագիր, տարբեր գրքեր են հրատարակվել, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, ես կարծում եմ, որ սխալ է քաղաքական շահարկումներ անել թեմայի առնչությամբ։ Ընդամենը սա ներքին կանոնակարգի հետ կապված խնդիր է։

– Հնարավո՞ր է ցուցադրությունը նորից կազմակերպվի։

– Եթե թանգարանը պատշաճ ձևակերպի բոլոր փաստաթղթերը, իհարկե, հնարավոր է։

– Այսինքն՝ զուտ տեխնիկակա՞ն բնույթի խնդիրներ են եղել թանգարանի կողմից։

– Չէի որակի տեխնիկական, որովհետև դա աշխատանքային կանոնակարգի խախտում էր, նման դեպքերում տնօրենը պատժվում է խիստ նկատողությամբ։ Բայց, քանի որ Նարինե Թուխիկյանը մեր լավագույն և երկարամյա տնօրեններից մեկն է, մենք բավարարվեցինք մեր բանավոր դիտողությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում