ՀՀ ԱԺ նախագահը վստահեցնում է՝ որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությանը, Արցախի անվտանգությանն ու խաղաղությանը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Սա մեր քաղաքականության ելակետն է, որի մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հստակ հայտարարեց նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը»,- նշեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի սահմանների անվտանգությունը և խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից. անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: «Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է: Համոզված եմ, որ բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի մարտական պատրաստականության վրա: Մեր բանակը օր օրի հզորանում է նաև ձեր աջակցության շնորհիվ, որովհետև նույնիսկ ամենահեռու վայրում գտնվող հայը չի կարող անտարբեր լինել մեր բանակի նկատմամբ: Հենց սա է «Ազգ-բանակ» գաղափարախոսության ցայտուն օրինակը»,– նշեց Բաբլոյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ իշխանությունները շատ լավ գիտակցում են, թե ինչ մարտահրավերներ կան պետության առջև: «Մենք առաջին հերթին ելնում ենք մեր շահերից և նպատակներից՝ դիվանագիտական միջոցներ ու հնարքներ օգտագործելով»,- ասաց ԱԺ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում