Փոխվաչապետը զբոսաշրջությունն առավել զարգացող ճյուղերից է համարում

Զբոսաշրջությունը Հայաստանի առավել զարգացող ճյուղերից է. 2016 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 260 հազար, կամ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է շուրջ վեց տոկոսով:

Սեպտեմբերի 20-ին ներկայացնելով «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները՝ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Վերջին տասը տարում Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 382 հազարից հասել է 1 մլն 250 հազարի եւ այս տարի եւս ունի աճի միտում, որը զգալի է»,-նշեց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ «Հայաստանյան զբոսաշրջության խթանումը որպես պատմության և մշակույթի արդյունավետ եղանակ» խորագրով նիստի ընթացքում կարևորվել է զբոսաշրջության նշանակությունը մշակույթի եւ պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության զարգացման և խթանման գործընթացում:

«Համաշխարհային զբոսաշրջությունը տարեկան ավելի քան մեկ միլիարդ այցելություն է ապահովում: Հայաստանում այդ թիվն ունի աճի միտում: Նիստի մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում բնագավառի զարգացումը շաղկապված է թե ժառանգության պահպանման ու պաշտպանության, զարգացման ու պատշաճ ներկայացման և թե մշակութային բազմազանության ու միջմշակութային երկխոսության զարգացման նպատակներով աշխատանքները դրվատելու հետ»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխվարչապետը նշեց, որ զբոսաշրջությանը վերաբերող նիստում քննարկումները հիմնականում ծավալվել են հետևյալ հարցերի շուրջ. սփյուռքում Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման եւ խթանման հնարավորությունները, սփյուռքից զբոսաշրջային այցելությունների ավելացումն ի նպաստ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման եւ զարգացման, Հայաստան-սփյուռք գործակցությամբ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման խթանմանն ուղղված համահայկական միջոցառումների անցկացման, սփյուռքի անմիջական ներգրավմամբ ու աջակցությամբ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման հնարավորությունները: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է առողջապահական, առողջարանային, խոհանոցային, գիտական, արկածային, գինու և զբոսաշրջային այլ ուղղությունների զարգացմանը, տեղեկատվության տարածմանը լուսանկարչական ցուցադրությունների, ֆիլմերի ստեղծման եւ այլնի տեսքով»,- ասաց Գաբրիելյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում