«ԴԱՀԿ մասին» օրենքի փոփոխությամբ հնարավորություն է տրվելու պարտապանին արգելադրման համար առաջարկել այլ գույք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ԴԱՀԿ, Հրապարակային սակարկությունների և հարակից այլ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերը հանրային քննարկման ներկայացնելուց և ստացված կարծիքները ամփոփելուց հետո այն ներկայացրեց Կառավարության հավանությանը: Նախագծերով առաջարկվող բարեփոխումների մասին «Արմենպրես»-ը զրույցել է ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ Արսեն Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչն է հիմք հանդիսացել դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու համար:

-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքների փոփոխությունները ներառված են ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների ծրագրում:

Բացի այդ, կատարված փոփոխությունները նպատակ են հետապնդել իրացնելու ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և դրամական միջոցների վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանքի կիրառման գործընթացում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 3-ի հանձնարարականը:

-Դուք նշեցիք, որ փոփոխությունները պայմանավորված են եղել նաև հայցի ապահովման միջոցների կիրառման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ ոլորտում:

Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ նախատեսվել է գույքի և դրամական միջոցների վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանքի կիրառման հերթականություն, որի դեպքում դրամական միջոցների վրա արգելանքը կիրառվում է այն ժամանակ, երբ պարտապանը այլ գույք չունի կամ նրա գույքի արժեքը պակաս է հայցագնի չափից:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արգելանքի կիրառումը, ամեն դեպքում, կարող է անհարմարություններ պատճառել ֆիզիկական և իրավաբանական անձանց, պարտապանին, ում գույքի վրա արգելանք է կիրառվել, հնարավորություն է տրվել արգելադրման համար առաջարկել այլ գույք, և եթե այդ գույքի արժեքը հավասար կլինի կամ կգերազանցի հայցագնի չափը, ապա արգելանքը կդրվի պարտապանի առաջարկած գույքի վրա:

Միաժամանակ, չնայած այն հանգամանքին, որ դրամական միջոցները նախատեսվել են վերջին հերթում, պարտապանը իրավունք ունի առաջարկել հարկադիր կատարողին արգելանքը կիրառել իր բանկային կամ ավանդային հաշվին առկա դրամական միջոցների վրա, եթե հարկադիր կատարողը արգելանքը կիրառել է պարտապանի դրամական միջոց չհամարվող գույքի վրա:

-Արդյոք կատարված փոփոխությունները վերաբերում են նաև կատարողական վարույթի տևողությանը և ժամկետներին:

-Կատարողական վարույթի տևողության և ժամկետների կապակցությամբ փոփոխությունների կատարումը ներառված է ՀՀ կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագրում: Ի կատարումն այդ ծրագրային դրույթների՝ որոշակիացվել են նաև կատարողական վարույթի տևողությունը և ժամկետները կարգավորող դրույթները:

Կատարողական վարույթի տևողության խնդիրներին իր մի շարք վճիռներում անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Նոր կարգավորումների համաձայն՝ հարկադիր կատարողը պետք է որոշում ընդունի դրա համար հիմք հանդիսացող հանգամանքներն ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետում:

Որոշակի հատուկ դեպքերի համար կրճատվել է նաև կատարողական վարույթի իրականացման երկամսյա ժամկետը: Մասնավորապես, նախատեսվել է, որ եթե պարտապանն ունի կատարողական թերթի պահանջների կատարման համար անհրաժեշտ գույք, ապա կատարողական վարույթը երկու ամսվա փոխարեն ավարտվում է 15-օրյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ վիճարկման հայցը վարույթ ընդունելու դեպքում վիճարկվող վարչական ակտի գործողությունը կասեցվում է, իհարկե օրենսգիրքը նախատեսում է նաև որոշակի բացառություններ: Այս կանոնի ուժով, չնայած այն հանգամանքին, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները, հարկադիր կատարողի որոշման բողոքարկման արդյունքում կատարողական վարույթները կասեցվում են մինչև դատական ակտի կայացումը:

Պետք է նշել, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վիճակագրական տվյալների համաձայն 2014-2016 թվականների ընթացքում հարկադիր կատարողի որոշումների վերաբերյալ 337 հայցադիմում է ստացվել, որոնց հիման վրա կատարողական գործողությունները կասեցվել են: Ընդ որում, նշված դատական գործերից 97-ը մերժվել է, 17-ը բավարարվել, իսկ 223-ի վերաբերյալ 2017 թվականի հունվար ամսվա դրությամբ դեռևս վերջնական դատական ակտեր չեն կայացվել:

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչքան կատարողական վարույթներ են ձգձգվում այն դեպքում, երբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

Քննարկվող փոփոխության նպատակը կատարողական վարույթի անհարկի ձգձգումները կանխելն ու Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելն է:

-Ի՞նչ այլ փոփոխություններ են կատարվել կատարողական վարույթի և հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման արդյունավետությունը բարձրացնելու համար:

-Հստակեցվել են կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կատարողական թերթը կրկին կատարման ներկայացնելու և կատարողական վարույթը վերսկսելու հետ կապված խնդիրները: Մասնավորապես, սահմանվել է, որ ավարտված կատարողական վարույթի հիմքերը վերանալուց հետո կատարողական վարույթը վերսկսվում է, իսկ կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կատարողական թերթը չի վերադարձվում պարտատիրոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին: Այս փոփոխությունը նպատակ է հետապնդել ապահովել կատարողական վարույթն ավարտելու հիմքերի վերացման դեպքում այդ կատարողական վարույթը ավելի օպերատիվ վերսկսելու հնարավորությունը, երբ հարկադիր կատարողը կատարողական վարույթը վերսկսելու համար այլևս չի սպասի կատարողական թերթի ներկայացմանը:

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետ: Մասնավորապես, նախատեսվել է, որ ծանուցումը պետք է հրապարակվի հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ կարգով ծանուցելուց 3-օրյա ժամկետում:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված գնորդներին հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ տեղեկացնելու նպատակով սահմանվել է աճուրդի մասին հայտարարության մեջ գնորդների կողմից օրենքով նախատեսված դեպքերում հարկային գործակալ հանդիսանալու դեպքում հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներառելու պահանջ, որպեսզի գնորդները նախապես տեղեկանան աճուրդով իրացվող գույքի սեփականատիրոջ կողմից վճարման ենթակա հարկերը նախապես հաշվարկելու, պահելու և վճարելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում