Քաղաքագետի կարծիքով Հայաստանի համար տարածաշրջանային և միջազգային ոչ մի կառույց չի կարող փոխարինել ԵԱՏՄ-ին

Հասարակության կողմից ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու պահանջ չկա: ԵԱՏՄ-ին փոխարինող այլ կառույց դեռ չկա Հայաստանի համար: Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

«Մեր օրերում մեկուսացված պետություն չի կարող գոյություն ունենալ: Նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրները որոշակի առումով ինտեգրվում են տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին: ԵԱՏՄ-ն մեզ այսօր տալիս է այն, ինչ տարածաշրջանային կամ միջազգային ոչ մի կառույց չի կարող տալ»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր լիարժեք այլընտրանք դեպի Եվրոպա դեռ չեն տեսնում: «Սակայն դա չի նշանակում, որ եվրոպական կրթական համակարգը մեզ հասանելի չէ: Մենք պետք է ինտեգրվենք նաև եվրոպական գիտական համակարգին, մշակութային և համամարդկային որոշ արժեքներ պետք է ընդունենք»,-ասաց քաղաքագետը:

«Անկախության առաջին գրավականը հայաստանակենտրոնությունն է, սակայն չպետք է մեկուսանանք տարածաշրջանում և միջազգային հարթությունում»,-եզրափակեց Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում