Հայաստանն աշխարհին ներկայացրել է իր մոտեցումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ճիշտ և տեղին է որակում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ՀՀ Նախագահի հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու առումով դրական տեղաշարժերի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք կհամարի առ ոչինչ, շեշտեց, որ ՀՀ Նախագահը ճիշտ է վարվել:

«Այո, Նախագահը շատ ճիշտ արեց, որովհետև մենք ունենք մեր արժանապատվությունը և մեր հստակ մոտեցումներն այդ հարցի շուրջ»,- նշեց Բաբլոյանը:

Հարցին, պատրաստ է արդյոք Թուրքիան մինչև 2018թ. ապրիլ լուծել այդ խնդիրը, ՀՀ ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է: Մենք այդ հարցի վերաբերյալ աշխարհին ներկայացրել ենք մեր կարծիքն ու մոտեցումը»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել հայ-թուրքական արձանագրությունները և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում