Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքները ամփոփվել են սեպտեմբերի 20-ին, մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Համաժողովի լիագումար նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հոգածության ներքո են անցել համաժողովի կազմակերպչական աշխատանքները:

Սփյուռքի նախարարը շեշտեց, որ համաժողովին հնչած բոլոր առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները կուսումնասիրվեն և արծարծված խնդիրները լուծումներ կստանան: «Համաժողովի բոլոր զեկուցումները կամբողջացվեն, որից հետո կկազմվի և լույս կտեսնի համաժողովի զեկուցումների ժողովածուն», – նշեց նա:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները:

Անդրադառնալով Սփյուռքի ուծացման խնդիրներին՝ նախարարը նշեց. «Մեր շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, ինչի արդյունքում արագանում է ուծացման գործընթացը։ Մյուս կողմից հային բնորոշ է օտար իրավիճակներում արագ ինտեգրվելու հատկությունը, ինչի արդյունքում օտար երկրներում մենք ունենք բազմաթիվ հաջողակ հայեր և հպարտանում ենք նրանց ձեռքբերումներով: Անցնող օրերին բոլորի խոսք ու զրույցում հայ ինքնության պահպանության հարցերն էին: Համաշխարհայնացման ներկա պայմաններում Սփյուռքում ընթացող ուծացման գործըն­թացներն ընդունել են աննախադեպ ծավալներ: Հայկական ինքնութ­յու­նը դարձել է խոցելի. փակվում են հայկական դպրոցները, նվազում է մայրենի լեզվով խոսողների թիվը, ավելանում են խառնամուսնությունները, ինչի հետևանքով վնաս­վում են հայ ինքնության արմատները, ջլատվում է հայկական համայնք­նե­րի ներուժը»:

Նախարարը շեշտեց, որ Հայոց պետությունը իրականացնում է մասնագետների պատրաստմանը և վե­րա­պատրաստմանը, դասագրքերի Հայաստանում տպագրելուն և Սփյուռքի համայնքներ առաքելուն, արա­գացված դասընթացներ կազմակերպելուն, մեկօրյա դպրոցների ստեղծմանն աջակ­ցելուն ուղղված ծրագրեր:

Խոսելով հայապահպանությանը ու Սփյուռքի ներուժի հայտնաբերմանն ուղղված Սփյուռքի նախարարության մյուս ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ դրանցում Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ ներգրավվածությունը վկայում է, որ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: «Ասածիս փայլուն վկայությունն են Հայրենիք-Սփյուռք, ինչպես նաև մասնագիտական համահայկական համաժողովները, որտեղ քննարկվում, վեր են հանվում և իրենց լուծումներն են գտնում հայությանը հուզող ամենատարբեր խնդիրները», – հավելեց նա:

Անդրադառնալով Սփյուռքում մայրենիի նահանջի հարցին՝ նախարարն ընդգծեց. «Լեզուն ազգային ինքնության պահպանման հիմքն է, իսկ լեզվի մոռացությունն ազգային ինքնության կորստի ուղիղ ճանապարհ է: Լեզուն ուծացումը կանխող հիմնական միջոցներից է, աշխարհի ցանկացած ծայրում հայ հանրությանը միավորող, համախմբող գլխավոր գործոնը, քանի որ աշխարհում հայերենի կրողը, պահպանողը, զարգացնողը միայն հայ ազգն է, հայոց պետությունը. ուրիշ ու՞մից պահանջենք: Հետևաբար, այսօր պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ մայրենին պահպանելու, հարստացնելու և սերունդներին անաղարտ փոխանցելու համար»:

Սփյուռքի նախարարը նշեց, որ համաժողովի մասնակիցներն առանձնակի անհանգստությամբ անդրադարձան արևմտահայերենի պահպանության խնդրին: «Արևմտահայերենի՝ միասնական քերականությամբ ուսուցման բացակայությունն ազգային վարժարաններում, դրանցում աշակերտների թվի հետզհետե պակասելը, արևմտահայերենի նկատմամբ անբավարար հոգածությունը վտանգում են դրա հետագա գոյությունը և կրթական, հաղորդակցական գործառույթները: Անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր մայրենի լեզվի պահպանման, լեզվամտածողության զարգացման, ազգային կրթական հաստատությունների ընդլայնման ուղղությամբ», – շեշտեց նախարարը:

Սփյուռքի նախարարը նկատեց, որ մեծ թվով հայկական վարժարաններում ուսուցման մեթոդները արդիական չեն, ավանդական են և ուսուցչակենտրոն: Բացակայում է բարձր տեխնոլոգիաների կիրառումը, կրթական ծրագրերը գրեթե չեն բարեփոխվել, դպրոցական դասագրքերը չեն համապատասխանում պահանջներին: Ուստի հայ դպրոցը հավաքական ջանքերով պետք է ապրի Սփյուռքում՝ դառնալով ուսուցման ժամանակակից մեթոդների և ձևերի կրող: «Օրակարգային է հայոց լեզվի ուսուցիչների սերնդափոխության հարցը, երիտասարդ ուսուցիչների խիստ պակասը. հայկական դպրոցների ուսուցիչների մեծ մասն արդեն աշխատում է 30-40 տարի, իսկ նրանց փոխարինողների պատրաստման հատուկ ծրագիր չկա: Հայաստանի բուհերում պետպատվերի շրջանակներում նախատեսված քանակով նպատակային ուսուցման համար համայնքներից երիտասարդներ չեն ուղարկվում, և համայնքային կազմակերպություններն այն չեն համարում իրենց կարևոր գործը», – ընդգծեց գերատեսչության ղեկավարը:

Խոսելով մշակութային խնդիրների մասին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ մշակույթը հոգևոր ամենամեծ ուժն է աշխարհասփյուռ հայությանը հայ պահելու համար: «Պատահական չէ, որ եկեղեցուց, դպրոցից հետո հայ համայնքներում ստեղծվում են երգի, պարի խմբեր, մշակութային կենտրոններ, որոնք կարևոր հայապահպան դերակատարություն ունեն: Համայնքների աշխատանքների յուրօրինակ ստուգատես է Երևանում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող «Իմ Հայաստան» մշակութային փառատոնը, որի նպատակն է Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանումը և զարգացումը, ազգային ինքնության պահպանումը, զբոսաշրջության խթանումը, Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության կառուցակարգերի ստեղծումը», – հավելեց նա:

Նախարարը նշեց, որ համաշխարհայնացման, ազատականացման, տարբեր մշակույթների ու քաղա­քա­կրթությունների փոխներթափանցման պայմաններում հայ ինքնության կերտումը, ազգային ինքնագի­տակ­ցության ապահովումն ու խո­րա­ցումը ենթադրում են ջանքերի ամենօրյա լարում: «Այդ ջանքերի կիզակետում հայ երիտասարդությունն է՝ ազգային ինքնության շարունակականության ապահովման հիմնական երաշխավորը: Ուստի պետական գրեթե բոլոր ծրագրերը նպատակաուղղված են հայ երիտասարդությանը Հայրենիքի հետ կապելուն, հայրենաճանաչությանը, ազգային արժեքների նկատմամբ սեր և պատասխանատվություն սերմանելուն, մայրենի լեզվի իմացությանը», – ընդգծեց նա:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրների մասին՝ նշելով. «Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կազմալուծման եզրին են հայկական երբեմնի ստվար համայնքները, բազմահազար մեր հայրենակիցներ դարձել են փախստական, որը բոլորիս մտահոգության առարկան է: 22 հազար հայ Սիրիայից տեղափոխվեց Հայաստան, և հայոց պետությունը ստեղծեց հնարավոր բոլոր պայմանները նրանց կրթության, աշխատանքի, սոցիալական խնդիրների լուծման համար: Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Սփյուռքում սիրիահայերին օգնելու նպատակով սկսվել են տարբեր շարժումներ»: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի ավանդական կուսակցություններին, ՀԲԸՄ-ին, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությանը, Հայ եկեղեցուն և տասնյակ կառույցներին, կազմակերպություններին, անհատ բարերարներին, որոնք հայոց պետության հետ համագործակցաբար օգնեցին և մինչ օրս աջակցում են Սիրիական ճգնաժամի արդյունքում կարիքի մեջ հայտնված սիրիահայերին:

Ամփոփելով խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեր երկրին և հայապահպանությանն ուղղված բոլոր մարտահրավերները հայ ժողովուրդը կարող է դիմագրավել միայն հայոց կառավարության և սփյուռքյան կազմակերպությունների, հատկապես Հայ եկեղեցու և համահայկական կառույցների սերտ համագործակցությամբ և համատեղ ջանքերով:

«Մեր ազգային ամենագլխավոր նպատակը, երազանքը պետք է դառնա «Հզոր Հայաստան» կառուցելը, և հայկական բոլոր հատվածները պարտավոր են մշակել դրան հասնելու ծրագրեր` յուրաքանչյուր հայի ներգրավելով այդ շարժման մեջ: Հայոց պետության և հայ ժողովրդի կենսագործունեության գաղափարական հենքը պետք է դառնա «Հզոր Հայաստանի» կառուցման գաղափարը», – իր խոսքը եզրափակեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարության տեքստն ընթերցելու համար բեմ հրավիրելով ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանին (Հայաստան)»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում