Գյումրիում անցկացվեց անկախության տոնին նվիրված «Պարենք հայերով» ազգագրական պարի ֆլեշմոբը

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված «Հրայրք» ավանդական պարի համույթը սեպտեմբերի 20-ին Գյումրիում անցկացրեց «Պարենք հայերով» ազգագրական պարի ֆլեշմոբը։

Ֆլեշմոբը անցկացվեց Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ իր շուրջ համախմբելով հարյուրավոր մարդկանց: Ֆլեշմոբին հաջորդեց պարուսուցում «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի կողմից: Նախաձեռնությանը միանալու նպատակով Գյումրին հյուրընկալել էր նաև մասնակիցների տարբեր քաղաքներից և համայնքներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնության համահեղինակ Միշա Պողոսյանը, միջոցառման նախապատրաստական աշխատանքները վաղուց էին սկսվել, և պարի փորձերն ու ուսուցումներ իրականացվել են Հայաստանի տարբեր համայնքներում` Հրայրք ավանդական պարի խմբի սաների և պարուսույցների գլխավորությամբ։

«Հրայրք ավանդական պարի համույթը վաղուց է գործունեություն ծավալում ու տարբեր առիթներով փորձում է տարածել ազգային պարը: Գաղափարն հենց այդտեղից ծնվեց՝ մասսայականացնել ազգային արժեքները, իսկ ֆլեշմոբն այսօրվա երիտասարդի համարա ավելի գրավիչ է դարձնում գործընթացը: Նախաձեռնության հիմնական նպատակն է նաև պարբերականություն ապահովելը, աշխարհի ուշադրությունը սևեռելը Հայաստանի ամենամշակութային քաղաքի վրա՝ դրանով իսկ նպաստելով Գյումրիում տուրիստական ներհոսքի ավելացմանը։ «Պարենք հայերով» համահայկական պարային ֆլեշմոբի ձևաչափը կդառնա ավանդական և կկրի ամենամյա բնույթ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները և համայնքնեհո»,-նշեց Միշա Պողոսյանը։

Հրայրք ավանդական պարի խմբի պարուսույց Դավիթ Հարոյանը փաստեց, որ նախաձեռնությանը միացել են ոչ միայն Գյումրիի մի շարք դպրոցներ, այլ նաև երգի-պարի տարբեր համույթներ: «Ճիշտ է, փորձերն իրենց դժվարություններն ունեին, բայց հաճելի էր նաև, ազգային արժեքները ներկայացնելու պատասխանատվություն ու պատվի հարց է»,-նշեց Դավիթ Հարոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում