Ալիևի նյարդային արձագանքը Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը անակնկալ է դարձել Ադրբեջանի իշխանությունների համար։ Այդ է վկայում նույն ամբիոնից հնչած Ալիևի խոսքը, որը այլ կերպ, քան՝ նյարդային արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին, պարզապես հնարավոր չէ կոչել։ Ադրբեջանի ղեկավարը, մոտենալով ՄԱԿ ամբիոնին, անգամ մոռացավ ողջունել իրեն խոսք տրամադրող քարտուղարին և դահլիճում ներկա այլ երկրների ներկայացուցիչներին: Առանց աջ ու ձախ նայելու նա բացեց թղթապանակը և սկսեց. «Ավելի քան 25 տարի Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20%-ը…» Տեքստի շարունակությունը հանրահայտ է։ Նույն խոսքերը Ադրբեջանի ղեկավարի շուրթերից հնչել են արդեն բազում անգամ՝ սկզբից Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված մի բուռ մեղադրանքներ, ապա լայնածավալ մեջբերումներ Ադրբեջանի վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից՝ որպես «ապացույց», թե այդ երկրում ամեն ինչ լավ է։ Նորությունը Ալիևի խոսքի այն էր, որ նա փորձեց Սերժ Սարգսյանին պատասխանել այն «նույն լեզվով», որով մեր երկրի ղեկավարը ավելի վաղ բնութագրում էր Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Արդյունքում՝ Ալիևը մեղադրեց Հայաստանին «միջնադարյան» մոտեցումներով առաջնորդվելու մեջ։ Իսկ հետո անցավ նաև քաղաքավարության սահմանները և սկսեց մի կողմից անհիմն մեղադրանքներ առաջադրել Հայաստանին ու անձամբ Սերժ Սարգսյանին, մյուս կողմից՝ ակնհայտ ստեր պատմել ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի իրողությունների մասին։ Մի խոսքով՝ Ալիևի նյարդային, հոգեբանական ծանր վիճակն ակներև էր:

Նույնը, սակայն, չի կարելի ասել Ադրբեջանի «պատվիրակության» այլ անդամների՝ Ալիևի կնոջ և դստեր մասին։ Վերջին երկուսը դահլիճում զվարճանում էին։ Մինչ Ալիևը արջի իր երգն էր երգում Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության մասին, իր ընտանիքի անդամները ծամոնը բերանում զրուցում, ծիծաղում և սելֆի էին անում դահլիճում։ Այդ ամենը արդեն դարձել է համացանցի քննարկումների հիմնական թեմա։ Ավելի ճիշտ՝ համընդհանուր ծաղրի առարկա։ Բայց դա արդեն երկրորդական է։

Կար Ալիևի ելույթում նաև հետաքրքիր դրույթ։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, առաջին անգամ քողարկված կերպով խոստովանեց, որ ապրիլյան պատերազմում իրենց կորուստները մեծ են եղել։ Նա նշեց, որ հայկական ԶՈՒ գործողությունների արդյունքում «հարյուրավոր» տներ են քանդվել, քաղաքացիներ զոհվել և այլն։ Ադրբեջանի ղեկավարը, ճիշտ է, խուսափեց իրենց ռազմական կորուստների մասին խոսելուց և դա հասկանալի է։ Բոլորովին վերջերս մեր տրամադրության տակ հայտնված փաստաթղթի լույսի ներքո՝ համաձայն որի միայն ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում 558 ադրբեջանցի զինծառայող է սպանվել, նման խոսքերն ավելորդ ու խիստ անվստահելի կլինեին։ Եվ Ալիևը դա լավ հասկանում է։

Երկրորդ հետաքրքիր հանգամանքը, որ կարելի է առանձնացնել Ալիևի ելույթում, ստի աննախադեպ մեծ չափաբաժինն էր։ Ադրբեջանի ղեկավարը խոսում էր իր երկրում ժողովրդավարության ինստիտուտների կայացվածության, խոսքի և մամուլի ազատության, հանդուրժողականության և նմանատիպ այլ արժեքների մասին՝ բոլորովին մոռանալով, որ ելույթից ընդամենը մի քանի ժամ առաջ ՄԱԿ-ի դահլիճում հավաքված այլ երկրների ներկայացուցիչներ լուսանկարում էին իրեն որպես Եվրոպայի տարածքի վերջին բռնապետ։

Այս ամենին, իհարկե, կարելի կլիներ ուշադրություն չդարձնել, անգամ հումորով մոտենալ, եթե չլիներ մի կարևոր հանգամանք՝ այն, որ Ալիևի մանկական խաղերի արդյունքում սահմանում զինվորներ են զոհվում։ Թերևս այդ էր պատճառը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից վերջին նախազգուշացումն ուղղեց թե՛ Ադրբեջանի իշխանություններին և թե՛ միջազգային հանրությանը։ Այո, Հայաստանը խստացնում է արցախյան հակամարտության կարգավորման բանակցային դիրքորոշումը և հստակ հայտարարում, որ Ադրբեջանը Արցախի հանդեպ հավակնություններ ներկայացնելու որևէ հիմք չունի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում