«Հայկական ժամանակ». Թումանյանի թանգարանի տնօրենին հնչեցրած սպառնալիքի առիթով քրգործ չի հարուցվել

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ մամուլում արված հայտարարությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։

ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել են, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Թերթը հիշեցրել է, որ բացի մամուլի հրապարակումներից, ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։ Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 3-ին ստացել է սպառնալիքներ որպես փոխգնդապետ Մնացականյան կամ Մանուկյան ներկայացած անձի կողմից՝ կապված թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության հետ, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին զոհ դարձած հայերի հիշատակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում