ԱՄՆ ձգտում է ընդլայնել Հայաստանի հետ շահավետ առևտրային ու ներդրումային կապերը. Դոնալդ Թրամփ

Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ուղերձում մասնավորապես ասված է.

«Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:

Այս տարի մենք նաև նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:

Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առևտրային ու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը:

Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար: Լավագույն մաղթանքներս այս տոնական օրվա ու առաջիկա տարվա համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում